տուն Լուրեր Այսպիսի կատաստրոֆիկ բան նույնիսկ 2009 թվականին չի եղել. Մելքումյան

Այսպիսի կատաստրոֆիկ բան նույնիսկ 2009 թվականին չի եղել. Մելքումյան

127
0

Miqayel-Melqumyan

2015 թվականի Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները՝ խնդիրները և հեռանկարները քննարկեցին  ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը և ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ մեր երկիրն արդեն շատ վաղուց չի զարգանում, առաջին հերթին՝ տնտեսական իրավիճակի պատճառով.«Մենք չորս խնդիր ունենք, որոնք կանխորոշելու են մեր երկրի տնտեսական իրավիճակը՝ աղքատություն, արտագաղթ, մենաշնորհներ, կոռուպցիա: Սրանք այն գլոբալ խնդիրներն են, որոնք չլուծելու դեպքում, մեր երկիրը շարունակելու է նահանջել: Եթե ցուցանիշները լինեն 3, չէ, ասենք՝ 6 տոկոս, էլի բան չի փոխվելու: Կամ եթե տնտեսական ակտիվության ցուցանիշը 3 տոկոս է, ապա անհասկանալի է, թե ինչու է աղքատության մակարդակը մեր երկրում այսքան բարձրանում»:

Ասատրյանի խոսքով՝ այս տարին տնտեսության համար շատ ավելի բարդ է լինելու, քան նախորդ տարիները.«Մի բան ակնհայտ է, որ մեր երկրում վիճակը լավ չէ, մեր տիպի տնտեսությունների համար 3 տոկոս տնտեսական աճը աճ չէ, դա այն աճը չէ, որ մենք կարող ենք բնութագրել իբրև զարգացում և սա այն  զարգացումը չէ, որ հասարակության լայն շերտերը այս փոփոխությունից օգտվեն: Գալիս, 2016 թվական ենք մտնում և ակնհայտ է, որ այս տարին լինելու է ավելի բարդ»:

Ասուլիսի մյուս բանախոս Միքայել Մելքումյանը բացատրում է, թե ինչու տնտեսության իրական հատվածում՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, մենք ունեցել ենք աճ՝ 11.7 տոկոս, սակայն գյուղացին շահույթ չի ունեցել.«Խնդիրն այստեղ այն է, որ մենք բնամթերային տեսքով ծավալներն ավելացրել ենք, բայց գնային առումով դրանք չեն ավելացել: Եթե բնամթերքն ավել է եղել, գինը համադրելի չի եղել. շատ ցածր գնով են մթերել, իրացրել: Դա նշանակում է, որ գյուղացին շահույթ չի ստացել, հազիվ իր ծախսերն է հանել, մի մասով էլ վարկերն է փակել կամ չի փակել և խնդիրներ են առաջացել»:

Մելքումյանն անդրադարձավ նաև արտագնա աշխատանքի հետ կապված խնդիրներին.«Եթե 2014 թվականին մեր համաքաղաքացիները գնում էին Ռուսաստան, աշխատում էին ամսական 1700- 2000 դոլար, տուն էին ուղարկում  1000-ը, ապա 2015 թվականին աշխատում են միջինը 1000- 1200 դոլար, տուն են ուղարկում 700 դոլարը, հիմա ուղարկելու բան չեն ունենալու»:

Ինչ վերաբերում է ներկրումներին՝ Մելքումյանը նշեց.«Էսպիսի կատաստրոֆիկ բան նույնիսկ 2009 թվականին չի եղել, որ ներկրման ծավալը 27 տոկոսով իջնի»: