տուն Լուրեր Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

182
0

download

Մարտի 15-ը համարվում է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Դեռևս 1962 թ.-ի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից զատ սահմանվեց նաև սպառողի լսելի լինելու իրավունքը և, ԱՄՆ Կոնգրեսի իր ելույթում առաջին անգամ բնորոշելով «սպառող» հասկացությունը, սահմանեց սպառողի 6 հիմնական իրավունքները՝

  • Տեղեկացված լինելու իրավունք
  • Անվտանգության իրավունք
  • Ընտրության իրավունք
  • Լսելի լինելու իրավունք
  • Վնասի փոխհատուցման իրավունք
  • Սպառողական ոլորտում կրթություն ստանալու իրավունք:

Հետագայում հենց այդ օրը՝ մարտի 15-ը, ընդունվեց որպես սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր: Ավելի ուշ, երբ ձևավորվեց սպառողների միությունների համաշխարհային կազմակերպությունը (Consumer International — CI), սպառողների իրավունքների ցանկը համալրվեց ևս երկուսով՝

  • Հիմնական պահանջմունքների բավարարման իրավունք
  • Առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունք:

Չնայած նրան, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս 1998 թ.-ի հուլիսի 28-ին ընդունված Քաղաքացիական օրենսգրքում առկա էին սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված որոշակի տարրեր, այդուհանդերձ սպառողների իրավունքներն ամրագրվեցին 2001 թ.-ի հունիսի 26-ին՝ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի ընդունմամբ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ողջ անձնակազմը շնորհավորում է հայ սպառոողներին սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Լիահույս ենք, որ մոտ ապագայում, ի վերջո, Հայաստանի Հանրապետությունում կձևավորվի պրոակտիվ սպառողի ինստիտուտը, և մենք կունենանք իրազեկ, պահանջատեր և իրապես պաշտպանված սպառող:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ