տուն Լուրեր Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլը

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլը

147
0

չեմպիոնների լիգա

Այսօր եւ վաղը կայանալիք 16 հանդիպումներով (յուրաքանչյուր օր՝ 8-ական հանդիպում) մեկնարկում է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլը` հաղորդում է Armtimes.com-ը:

եվրոպական ուժեղագույն ակումբները 62-րդ անգամ սկսում են պայքարը ամենահեղինակավոր ակումբային մրցանակի համար: 17 երկրների 32 ակումբներ են մասնակցում Չեմպիոնների լիգայի խմբային փուլին. իսպանական, գերմանական, անգլիական 4-ական, պորտուգալական, ֆրանսիական 3-ական, ռուսական, իտալական 2-ական թիմեր, ինչպես նաեւ Բուլղարիայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Շոտլանդիայի, Հոլանդիայի, Լեհաստանի, Բելգիայի, Դանիայի, Խորվաթիայի չեմպիոնները: Կանոնակարգի համաձայն 32 թիմերը բաժանվել են 8 խմբերի՝ 4-ական յուրաքանչյուրում, եւ խմբերում 1-2 տեղեր գրավածները իրավունք են ստանալու շարունակել պայքարը:

1-ին տուրի շրջանակներում կայանալիք հանդիպումներից առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում եվրոպական ֆուտբոլային առաջատար երկրների թիմերի միջեւ կայանալիք հանդիպումները. այսօր մրցելու են «ՊՍԺ» (Ֆրանսիա) — «Արսենալ» (Անգլիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Բորուսիա» (Մյունխենգլադբախ, Գերմանիա), վաղը՝ «Տոտենհեմ» (Անգլիա) — «Մոնակո» (Ֆրանսիա), «Յուվենտուս» (Իտալիա) — «Սեւիլիա» (Իսպանիա) զույգերը: Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» նոր խաղարկությունը սկսելու է տնային հանդիպումով. վաղը իսպանական թիմը հյուրընկալելու է պորտուգալական «Սպորտինգին»: Թեեւ «Ռեալը» համարվում է այս խաղի ակնհայտ ֆավորիտ, բայց հանդիպումը հետաքրքրություն է առաջացնում առաջին հերթին Կրիշտիանու Ռոնալդուի հետ կապված մի հանգամանքով. «Սպորտինգը» Ռոնալդուի կարիերայում 1-ին պրոֆեսիոնալ թիմն է, «Ռեալը»՝ վերջինը: «Սա ինձ համար յուրահատուկ խաղ է, քանի որ «Սպորտինգը» կարեւոր տեղ է գրավում իմ սրտում: Ցանկանում էի, որ մենք հայտնվենք նույն խմբում: Անհամբերությամբ եմ սպասում իմ նախկին թիմի հետ նոր հանդիպմանը»,- հայտարարել է ՉԼ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին, ի դեպ, «Եվրո 2016»-ի եզրափակիչում ստացած վնասվածքի հետեւանքով 62 օրյա պարտադրված դադարից հետո խաղադաշտ վերադարձավ անցյալ կիրակի՝ Իսպանիայի առաջնության «Ռեալ» — «Օսասունա» խաղում եւ հանդիպման մեկնարկից ընդամենը 6 րոպե անց դարձավ գոլի հեղինակ: «Ռեալը» այդ խաղում հաղթեց 5-2 հաշվով, սահմանեց Իսպանիայի առաջնություններում ակումբային նոր ռեկորդ (15 անընդմեջ հաղթանակ) եւ առանց միավորների կորստի՝ 9 միավորով, միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության աղյուսակը: «Սպորտինգը» իր հերթին 4 անընդմեջ հաղթանակներ է տոնել Պորտուգալիայի առաջնությունում եւ նույնպես միանձնյա առաջատարն է: Այնպես որ, վաղը կայանալիք «Ռեալ» — «Սպորտինգ»  խաղը նաեւ Իսպանիայի եւ Պորտուգալիայի առաջատարների հանդիպումն է:

Իսպանական մյուս թոփ ակումբը՝ «Բարսելոնան» Լիգայի մեկնարկային խաղն անցկացնելու է այսօր. «Կամպ Նոու» ստադիոնում Իսպանիայի գործող չեմպիոնը հյուրընկալելու է Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկին»: Սա էլ Իսպանիայի եւ Շոտլանդիայի չեմպիոնների հանդիպում է: «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության վերջին տուրում սեփական հարկի տակ անակնկալ պարտություն կրեց մրցաշարի նորեկ «Ալավեսից» 1-2 հաշվով: Բնականաբար, այս պարտությունը լրջորեն զայրացրել է «Բարսային» եւ այս թիմի երկրպագուներին, այնպես որ, «Սելթիկին» այսօր սպասվում է իսկապես դաժան երեկո:

Ավելացնեմ, որ Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի բոլոր 16 հանդիպումները մեկնարկելու են Երեւանի ժամանակով 22:45-ին:

Մանրամասները` սկզբնաղբյուրում: