Ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, ապա` Ջալալօղլիում (Ստեփանավան): 1883թ-ից բնակվել է Թիֆլիսում: 1883-87թթ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1893թ-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ: Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ` «Գութանի երգը», «Խրճիթում», «Հին օրհնություն», «Հայրենիքիս հետ»: Գրել է լեգենդներ, առակներ ու ավանդություններ, հեքիաթներ` «Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն: Այս սկզբունքով է ստեղծել նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները: «Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը: Մշակել է 2 տասնյակից ավել հայկական ժողովրդական հեքիաթներ` «Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն: Հայ արձակի լավագույն էջերից է «Գիքորը» պատմվածքը: Գրել է նաև մանկական բանաստեղծություններ` «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր: 1905-06թթ հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է: 1918թ. հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին: 1899թ. նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն են եղել Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ: 1912թ. ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության, 1918թ.` Հայոց հայրենակցական միության նախագահ: Մասնակցել է «Լուսաբեր» դասագրքի և «Հայ գրողներ» քրեստոմատիայի ստեղծմանը: Գրել է ուսումնասիրություններ Քուչակի, Հովնաթանի, Աբովյանի և նրա «Վերք Հայաստանի» վեպի, Սայաթ-Նովայի, հայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին: Թարգմանել է Պուշկինի, Բայրոնի, Լերմոնտովի, Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից: Նրա գործերի հիման վրա Տիգրանյանը գրել է «Անուշ», Սպենդիարյանը` «Ալմաստ» օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր: Մահացել է Մոսկվայում, մարմինն ամփոփված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում, սիրտը` Դսեղում: Երևանում գործում է Թումանյանի թանգարանը, Դսեղում` տուն-թանգարանը: Նրա անունով են կոչվել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, հրապարակ Մոսկվայում, Երևանի տիկնիկային թատրոնը, փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում և Այսրկովկասի տարբեր վայրերում: 1980թ. սահմանվել է Հայաստանի Գրողների միության Թումանյանի անվան ամենամյա մրցանակ: 1957թ. օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը: Հայկական 5-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը: