ՓԵՆ ակումբի (International PEN Club) 48-րդ միջազգային կոնգրեսի որոշմամբ մարտի 3-ը նշվում է իբրև Գրողների միջազգային օրը: Ակումբը հիմնադրվել է Լոնդոնում 1921 թվականին։ Ակումբի անունը հապավում է, որն առաջացել է անգլերեն “poets”, “essayists” և “novelists” բառերի առաջին տառերից։ ՓԵՆ ակումբի նպատակն է բարեկամություն հաստատել աշխարհի բոլոր մասերում գտնվող գրողների միջև և ստեղծել գրողների համաշխարհային ասոցացիա: Այն նաև պաշտպանում է գրավոր խոսքի ազատությունն ու պայքարում գրաքննության դեմ: Ակումբը մասնաճյուղեր ունի բազմաթիվ երկրներում, նաև՝ Հայաստանում. գրողների միջազգային օրը նշում են նաև հայ գրողները: