Ուրախ եմ Արցախի անկախության տոնին առաջին անգամ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը նախագահի պաշտոնում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ սեպտեմբերի 2-ը ոչ միայն անկախության, այլև հաղթանակի օր է:
«Սա ապագայի հանդեպ վստահության օր է, երբ ողջ հայ ժողովուրդը ինչ-որ իմաստով իրեն վերադարձրեց հպարտությունը, հաղթանակի քաղցր զգացումը, վստահությունը իր ուժերի և ապագայի նկատմամբ: Այն նաև առաքելության և ազգային ինքնության արժևորման առիթ է, քանի որ արտահայտում ենք, թե ովքեր ենք մենք՝ որպես դարերից եկած ազգ: Այս պահին ունեմ երկակի զգացում, քանի որ հոգիս լցված է հպարտությամբ և ապագայի նկատմամբ վստահությամբ»,- մասնավորապես նշել է ՀՀ Նախագահը և կարևորել, որ աշխարհում սփռված հայ ժողովուրդը արժևորում է ունեցած հաղթանակների գինը: