«Ելք» դաշինքը Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից հանելու օրինագիծ է ներկայացրել Ազգային ժողով: «Ելքի» ընդդիմախոսները՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչները, պնդում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու համար հանրային պահանջ չկա: Araratnews.am-ը «Ելք» դաշինքի պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանից հետաքրքրվեց՝ հիմնավորվա՞ծ է իշխանության այս հակափաստարկը: «Իշխանությունն այլ կարծիք ունի, նա իր իշխանությունը պահում է ԵԱՏՄ-ի շրջանակներում: Այս իշխանությունը կարող է ԵԱՏՄ-ի շրջանակներում, Նազարբաեւի ու Լուկաշենկոյի նման շարունակել իր գոյությունը»,- պատասխանեց դաշինքի անդամը:
Հնարավո՞ր է կրկնվի 2013-ի սցենարը, երբ Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա մեջ ստորագրեց Մաքսային միությանը միանալու համաձայնագիրը: Պատգամավորը կարծում է, որ այս իշխանությունն օր օրի կասկածի տակ է դնում Հայաստանի անկախությունը: «Մի օր առաջ հրաժարվում են ասոցացման համաձայնագրից, մի օր առաջ` ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց: Սա նշանակում է, որ այս իշխանությունը չունի գոնե մեկ տարվա ծրագիր, հետեւաբար կայացնում են սիտուատիվ որոշումներ, նայած թե իրենց ընկեր Վլադիմիր Վլադիմիրովիչն ի´նչ տրամադրությամբ է արթնացել: Այնպես որ, ոչինչ բացառել հնարավոր չէ»,- ավարտեց իր խոսքը «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ