Մեր «դաշնակից» Ռուսաստանը զենք է վաճառում ադրբեջանցիներին` գիտակցելով, որ դրանից տուժելու են հազարավոր հայեր: Մինչդեռ նույն Ռուսաստանի կառավարությունը բանաձև է ընդունել, որով արգելվում է թուրքական որոշ ապրանքների ներմուծումը։
Իսկ մենք` հայերս, շարունակում ենք օգտվել թուրքական «բարիքներից»` հագուստ, կենցաղային տեխնիկա, շինանյութ, նույնիսկ բանջարեղեն, որը ոչ միայն մեր առողջության համար է վնասակար, այլեւ «խփում» է մեր գյուղացու գրպանին: Թուրքիան գրեթե ամեն տարի ապրանքների ներմուծումը հայկական շուկա հասցնում է 137 մլն. դոլարի: Իսկ հայկական արտադրության ապրանքների մուտքը Թուրքիա արգելված է. դրանց դիմաց սահմանված է 100 տոկոս մաքսատուրք:
Ով է այս ամենի մեղավորը, իհարկե՝ մենք. մենք՝ քանի որ շարունակում ենք հագնել թուրքական հագուստ, սնվել թուրքական մթերքով, հանգստանալ անթալիաներում՝ չգիտակցելով, որ մեր վճարած գումարը գնալու է հենց մեր դեմ զենք-զինամթերքի ձեռքբերմանը:
Մեր օլիգարխները գումար չեն խնայում իրենց խրախճանքների, հաճույքների համար: Բայց չէ՞ որ կարող են այդ հարստության մի մասն օգտագործել մեր երկրի զարգացման համար, մանկատներին բաժանել, կենսաթոշակն ավելացնել, կարճ ասած՝ օգտագործել բարեգործական նպատակներով:
Ո՛չ, մենք չունենք ազգային արժանապատվություն, ինքնասիրություն, նորից ամառ կգա, մեր հայրենակիցները կշարունակեն գնալ արևահարվելու թուրքական ծովափերին…
Այս անտարբերությամբ ո՞ւր ենք հասնելու, ինչպիսին է լինելու մեր ՎԱՂԸ:
Մի դարձրեք ձեզ թուրքական նզովքի մի մաս: Մենք հայ ենք, մենք սերված ենք Հայկից ու Դավթից: Մի՛ կորցրեք ու մի՛ ստիպեք մեզ էլ կորցնել ազգային թասիբն ու ՀԱՅԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ:
Նարե Մովսիսյան