տուն Լուրեր «Այո»-ի շտաբի գլխավոր դերակատարները տեղափոխվում են կառավարություն

«Այո»-ի շտաբի գլխավոր դերակատարները տեղափոխվում են կառավարություն

83
0

66199_b

Սերժ Սարգսյանի հրամանագրով իր վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ:  Հովսեփյանը բացի Բաղրամյան 26-ում աշխատելիս, Սահմանադրական փոփոխությունների ժամանակ «Այո»-ի շտաբի փոխնախագահն էր: ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո մամուլում հայտնվեց Հովսեփյանի հայտարարագիրը, որն ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ նրան այնքան շատ են «սիրում», որ յուրաքանչյուր տարի հազարավոր դոլարներ են նվիրաբերում: Իհարկե, նվիրաբերողները իրենց «սերը» թաքուն են պահել, եւ հայտնի չէ, թե ով, կամ ովքեր են հազարավոր դոլարները նվիրել  ՊԵԿ «նորաթուխ» նախագահին:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանն, անդրադառնալով Հովհաննես Հովսեփյանի՝ ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվելուն,  Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ, ըստ էության, Սերժ Սարգսյանն իր հավատարիմ մարդկանցով է լցնում կառավարությունը: «ՊԵԿ ամբողջ ոլորտը Սերժ Սարգսյանի լիակատար վերահսկողության տակ պետք է լինի միշտ, որովհետեւ ՊԵԿ-ը ապահովում է ոչ միայն պետական լեգալ բյուջեն, այլ նաեւ, իշխանությունների, այսպես կոչված, սեւ դրամարկղը , եւ այդ իմաստով ՊԵԿ-ի նախագահ պետք է լինի Սերժ Սարգսյանի ամենավստահելի անձանցից մեկը։ Տվյալ դեպքում Հովհաննես Հովսեփյանը համապատասխանում է  այդ  չափանիշներին»,- ասաց Հայկ Գեւորգյանը: Դիտարկմանը, թե արդյոք Գագիկ Խաչատրյանը չէ՞ր համապատասխանում այդ չափանիշներին, եւ կամ Սերժ Սարգսյանի վստահելի անձանցից չէ՞ր, Հայկ Գեւորգյանն ասաց, թե առայժմ դժվար է ասել՝ ինչ է  տեղի ունեցել, որն էր Գագիկ Խաչատրյանին  հանելու պատճառը: «Կարծում եմ ժամանակի ընթացքում, ինչ-որ արտահոսքեր կլինեն լրատվականներում, եւ կհասկանանք, թե ինչն է եղել պատճառը»,- ասաց տնտեսական մեկնաբանը:

Հարցին, թե կան տեսակետներ, որ Սերժ Սարգսյանը պարզապես պարգեւատրում է «Այո»-ի շտաբի գլխավոր դերակատարներին, Հայկ Գեւորգյանը նշեց, թե «Այո»-ի շտաբում եւս Սերժ Սարգսյանը ներգրավել էր իրեն հավատարիմ մարդկանց:  Ըստ Գեւորգյանի՝ հիմա, պարզապես, այդ թիմը տեղափոխվում է կառավարություն:

Անդրադառնալով Հովհանես Հովսեփյանի հայտարարագրին, տնտեսական մեկնաբաննն, ասաց, որ ինքը պարբերաբար ուսումնասիրում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը, եւ իրեն չի հանդիպել որեւէ մեկը, ով այդչափ նվիրատվություն  ստացած լինի ինչ-որ մեկից: «Չեմ կարողանում հասկանալ, ոնց կարելի է 4.5 միլիարդ նվիրատվություն տալ մարդուն, որը զբաղցնում է նման ազդեցիկ պաշտոն, ինչի համար են տալիս»:

Նշենք, որ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար նշանակված Լեւոն Յոլյանը եւս «Այո»-ի շտաբի փոխնախագահն էր: