ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ հանձնարարական տվեց: Նա հիշեցրեց, որ 2016 թվականի մարտին կառավարության կողմից հիմնադրվել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն հիմնադրամ: «Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել ենք դեպքեր, երբ առանց հստակ պատճառաբանություններ ներկայացնելու՝ հիմնադրամի կողմից տրամադրված առաջարկությունները չեն ընդունվել»,- ասաց նա:
Ելնելով վերոնշյալից` նա հանձնարարեց համապետական գործադիր մարմինների ղեկավարներին գործնականում ապահովել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարգավորման ազդեցության արդյունքում ներկայացված առաջարկությունների լիարժեք ուսումնասիրումը և վերլուծումը, իսկ դրանք մերժելու դեպքում ներկայացնել հստակ հիմնավորումներ: Նա նաև հանձնարարեց մեկամսյա ընթացքում ամփոփել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն հիմնադրամի 2018 թվականի տարեկան գործողությունների շրջանակում կարգավորման ազդեցության ենթակա իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հաշվի առնելով կառավարության կողմից հաստատված միջոցառումները և գերակա խնդիրները:
«Հատուկ ուշադրություն դարձրեք սրան, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեկ-մեկ այս հիմնադրամը ինքն է որոշում՝ չունենալով պատվերներ: Քանի որ պատվիրատուն մենք ենք, ստեղծել ենք մի օղակ, որը պետք է բոլոր այդ ռիսկերը գնահատի, համապատասխան վերլուծություն տա, և մենք որոշենք՝ ճի՞շտ ուղղությամբ ենք գնում, թե՞ ոչ»,- նշեց Կարապետյանը: