ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անբարոյականություն է համարում խորհրդարանի դահլիճում առաջին գծում զոհված զինծառայողների անունները շահարկելու փորձերը: Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ, արձագանքելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթին, ով խիստ քննադատության էր ենթարկել իշխանությանը և նրան մեղադրել քառօրյա պատերազմի ընթացքում թույլ տված բացթողումների ու ԼՂ-ն հանձնելու մտադրության մեջ, Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ որևէ քաղաքական ուժ կամ գործիչ իրավունք չունի իր ճղճիմ բոնուսները հավաքելու համար, իր էլեկտորատի շահերը սպասարկելու համար շահարկել բանակում զինված զինծառայողների անունը և դա դարձնել քաղաքական շահարկման առարկա: «Դա անբարոյականություն է զոհվածների և նրանց հարազատների հանդեպ: Նրանց ծնողները մեզանից որևէ մեկին իրավունք չեն տվել այստեղ իրենց քաղաքական դիվիդենտները հավաքելու համար զոհվածների անունը շահարկել: Վեր ընկեք ձեր տեղը և ձեր խնդիրները փորձեք լուծել բացառապես քաղաքական բանավեճի բարոյական շրջանակում»,- ասաց Զոհրաբյանը:
Վերջինս անընդունելի է համարում նաեւ որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի պահվածքը, ովքեր Ընտրական օրենսգրքի քննարկումների ընթացքում վիճարկում են, թե ով է իրական ընդդիմադիր ուժը: «Մեկը հերոսական արտահայտություններով, մյուսը ինչ-որ ընդդիմադիր մուրաբաների և պրոթեզների մասին ճառեր ասելով՝ փորձում են ցույց տալ, թե ով է իրական ընդդիմություն, վաստակել իրական ընդդիմադիրի տիտղոսը: Հանգիստ եղեք, ժողովուրդը շատ լավ գիտի բոլորի արժեքը: Ժողովուրդը շատ լավ գիտի նաև ընդդիմադիր դաշտում գործելու ձեր, կներեք, բազարների գինը: Այնպես որ, մի փորձեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել և վիճարկել, թե ով է իրական ընդդիմությունը»,- հավելեց պատգամավորը: Մինչ այդ ելույթ էր ունեցել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով զարմանք էր հայտնել, որ «ընտրություններին փող և մուրաբա բաժանողները ազգի դավաճան են հանում ընտրություններին փող և տուկի թել բաժանողներին, իսկ փող և տուկի թել բաժանողները դատափետում են փող և ատամի պրոթեզ բաժանողներին»:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց առաջարկների մի մասն ընդունվել են, որոշ առաջարկներ չեն ընդունվել: Նա հայտնեց, որ ԲՀԿ-ն Ընտրական օրենսգրքի նախագծին կքվեարկի ազատ՝ հավելելով, որ խմբակցության անդամների մեծ մասը հակված է կողմ քվեարկելուն: