ԵԽԽՎ հայական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու քվեարկությանը, որին մեր պատվիրակները ձեռնպահ են քվեարկել:
Հերմինե Նաղդալյանը նշեց, որ քվեարկությունն իրավիճակային էր, և իրենց ձայներն ընդհանուր ֆոնին որոշիչ չէին լինելու:
«Մենք թվային հարաբերակցությամբ Ռուսաստանին չէինք օգնելու, իսկ ձեռնպահ և դեմ քվեարկել են նրանք, ովքեր չեն ցանկացել Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկեն»,- ասաց Հերմինե Նաղդալյանն ու հավելեց` մնացած բոլոր հարցերում` քվեարկել են ի օգուտ Ռուսաստանի:
Հերմինե Նաղդալյանը հորդորեց այդ քվեարկության մեջ չորոնել այն, ինչ չկա:
«Այնպես չէ, որ Ռուսաստանին որևէ մեկն ավելի շատ է սիրում, քան մենք»,- ասաց պատվիրակության ղեկավարն ու շեշտեց, որ իրենք չեն աջակցել Ռուսաստանին ձայնից զրկելու քվեարկությանը:
Հերմինե Նաղդալյանը նշեց, որ պատվիրակների ելույթների հիմնական թեման ուղղված էր Հայոց ցեղասպանությանը: