տուն Լուրեր Այն, ինչ տեղի է ունենում փոխանակման կետերում՝ իրական պատկերը չէ. Վահագն Խաչատրյան

Այն, ինչ տեղի է ունենում փոխանակման կետերում՝ իրական պատկերը չէ. Վահագն Խաչատրյան

90
0

11951134_10205995653142787_4036012364342173554_n

Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում փոխանակման կետերում՝ իրական պատկերը չէ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Եթե իրական պատկերն է, մեզ համար շատ ավելի վատ, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ անցյալ տարվա դեկտեմբերին և այս տարվա հունվարին, երբ ռուսական շուկայում ռուսական ռուբլին արժեզրկվում էր, Հայաստանի շուկաների արձագանքը միանշանակ չէր և այստեղից մեծ քանակությամբ դոլարի արտահոսք տեղի ունեցավ դեպի Ռուսաստան: Հետագայում պարզվեց, որ այդ ժամանակ «Առէկսիմբանկ»-ի կողմից մեծ գործողություններ են կատարվել, որոնց մասին պաշտոնական հաղորդագրություն եղավ»,- ասաց նա:

Վերջին օրերի միտումը, ըստ տնտեսագետի, վարչական մեթոդների արդյունք է. Կենտրոնական բանկի կողմից հրահանգավորված է, որ 490 դրամից ավել փոխարժեքով դոլարի վաճառք տեղի չունենա: «Կենտրոնական բանկն ունի այլ լծակներ ևս, բայց այդ լծակների կիրառումը, կածում եմ, այսօր սխալ կլինի: Իր արժութային ռեզերվները շատ սահմանափակ են, ընդամենը` 1.7 մլրդ, որի մեծ մասը Կառավարության նկատմամբ պարտավորություններն են: Այսինքն` ԿԲ-ն ազատ միջոցներ չունի, որպեսզի արժեզրկումը կանխի: Սակայն, այստեղ կա նաև մեկ այլ երևույթ:

Ռուսական ռուբլու արժեզրկմանը զուգահեռ կտրուկ արժեզրկվել է ղազախական տենգեն, գրեթե 30 %-ով՝ բելառուսականը, չինականը, նույնը վերաբերում է թուրքական լիրային: Այսինքն` մեր տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում տեղի է ունեցել արտարժույթի անկում: Մեզ մոտ չի կարող այսպես լինել: Եթե այդպես է, նշանակում է, որ եթե նույնիսկ ԿԲ-ն ցանկանա՝ չի կարող դոլարի արտահոսքը կանխել»,- ասաց Խաչատրյանը:

Խոսելով Ռուսաստանում արտարժույթի տատանումների մասին, տնտեսագետը որպես առաջին պատճառ նշեց նավթի գնի անկումը: «Բոլորին պարզ էր, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը պետք է բերեր նավթի շուկայում գների որոշակի փոփոխության: Այսօր, ինչպես արդեն նշում են մասնագետները, նավթի շուկան գերհագեցած է. առաջարկն ավելին է, քան` պահանջարկը: Նավթի գինը 1986 թվականից հետո աննախադեպ ընկել է: Երկրորդ պատճառը Չինաստանի շուկայում տեղի ունեցող իրադարձություններն են. վերջին երկու շաբաթների ընթացքում Շանհայի բորսայում գների անկում է տեղի ունենում: Սա նշանակում է, որ այն կանխատեսումները, որ Չինաստանը կունենա 7% և ավել տնտեսական աճ՝ իրականություն չեն դառնա, իսկ սա Ռուսաստանի տնտեսության վրա իր ազդեցությունը կունենա»,- ասաց նա:

Երրորդ պատճառն, ըստ տնտեսագետի` մետաղների գների կտրուկ անկումն է: Այն ունեցավ բացասական ազդեցություն թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի տնտեսության վրա, քանի որ մեր երկրի արտահանման 40 %-ը կազմում են մետաղները: Պղնձի և մոլիբդենի գները վերջին տասնամյակի մինիմումի են ձգտում: Վահագն Խաչատրյանի նշած չորրորդ պատճառը Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցներն են: «Եթե Ռուսաստանը հույս ուներ, որ կարող է մեկ տարվա ընթացքում այդ սանկցիաների պայմաններում իր տնտեսությունը դիվերսիֆիկացնել, զարգացման այլ բնագավառներ գտնել՝ չեղավ: Ռուսական տնտեսությունը հիմնականում նավթի գներից է կախված»,- եզրափակեց նա: