ՊՏՀ ֆինանսական տնօրեն Մհեր Փարվանյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Ուզում եմ անդրադառնալ ՀՊՏՀ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին որպես բիզնեսի ներկայացուցիչ և տնտեսագետ: Տարիներով մենք տեսել ենք հետզհետե վատթարացող կրթական համակարգի արդյունքները: Երբ հաշվապահական հաշվառումը բարձր առաջադիմությամբ ավարտած ուսանողը չի կարողանում կրկնակի գրանցման սկզբունքի տրամաբանությունը բացատրել, երբ կառավարման շրջանավարտը բիզնես պլանի կառուցվածքը չի կարողանում ներկայացնել: Բազմիցս քննարկել և բողոքել ենք ստեղծված իրավիճակից: Գլխավոր պատճառը ստեղծված իրավիճակը փոխելու Ռուբեն Հայրապետյանի անկոտրում կամքն էր, որ ես ընդունեցի նրա հրավերը ստանձնելու ՀՊՏՀ ֆինանսական տնօրենի պատասխանատվությունը: Ներսից անձամբ կարողացա տեսնել նշածս «որակյալ» մասնագետներ կերտողներին: Միևնույն ժամանակ բախտ ունեցա մասնագիտական առումով հիանալու որոշ գիտնականներով: Ինչպես ասում են, հիմա գործի մասին. այն ինչ տեղի է ունենում հիմա ՀՊՏՀ-ում ոչ այլ ինչ է, քան անվերադարձ անցում դեպի անհամեմատ որակյալ կրթական համակարգ: Հարգելի բիզնեսի ներկայացուցիչներ, դուք անձամբ եք զգացել այդ կրթության հետևանքները, երբ նույնիսկ հաշվետարի համար հարյուրավոր հարցազրույցներ եք անցկացրել և թեկանածու չեք ընտրել: Հարգելի շրջանավարտներ, դուք անձամբ եք զգացել ձեր ստացած կրթության որակը, երբ յուրաքանչյուր հարցազրույցից հետո երկար ժամանակ սպասել եք գործատուի զանգին: Հարգելի ամբիոնի վարիչներ,դեկաններ և մասնագետ դասախոսներ, մենք միասին ենք արձանագրել առկա տկար վիճակը և տեղի ունեցող բարեփոխումների արդյունքում ընդհանուր բարելավման փաստը: Ժամանակն է արձագանքելու»: