տուն Լուրեր Այն ընդդիմադիր չի լինելու. Բաբայանը «սպառնում» է իշխանական կուսակցություն հիմնել

Այն ընդդիմադիր չի լինելու. Բաբայանը «սպառնում» է իշխանական կուսակցություն հիմնել

106
0

vahan

 

Լուսանկարը՝ Panorama.am-ի

ԲՀԿ-ն վերջերս լքած ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը, որոշել է սեփական կուսակցությունը հիմնել: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում նշեց ինքը՝ Բաբայանը: «Նման քննարկումներ կան, կա գաղափար, բայց այս պահին ես չեմ կարող ձեզ կոնկրետ բան ասել, որովհետեւ դեռ քննարկումների փուլում է»,-նշեց Բաբայանը: Մեր հարցին, թե ո՞ւմ հետ է քննարկումներ իրականացնում, Բաբայանն ասաց, թե իր թիմի: Թե ինչ թիմ ունի քաղաքական գործիչը, այդպես էլ չասաց, բայց շեշտեց, որ, բացի իր թիմից, քննարկումներ իրականացնում է նաեւ այն մարդկանց հետ, ովքեր կցանկանան անդամակցել իր կուսակցությանը: «Երբ, որ քննարկվի եւ մենք գանք ընդհանուր հայտարարի, որ գտնում ենք,  թե ճիշտ քաղաքական առանձին միավոր ենք ստեղծում, ապա բնականաբար դուք ե՛ւ թիմը կիմանանք, ե՛ւ ծրագիրը: Հիմա քանի որ դա պարզապես գաղափար է եւ քննարկում է, ես չէի ուզենա խորանալ դետալների մեջ»,- նշեց նա:

Մեր հարցին, թե ինչո՞ւ որոշեց կուսակցություն  հիմնել, նկատի ունենալով, որ լինելով անգամ ԲՀԿ-ում, կիսում էր ՀՀԿ-ի տեսակետը, կողմ էր կոալիցիային՝ Վահան Բաբայանը նշեց, որ իր տեսակետը չի փոխել, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ այդ սցենարով պետք է ընթանար:   Իսկ հարցին, թե՝ ինչու՞ չանդամակցեց ՀՀԿ-ին. չեղա՞վ առաջարկ, թե՞…, Բաբայանն ասաց, որ նմանատիպ հարցերը շատ ինդիվիդուալ են, եւ պետք է ավելի լայն շրջանակի հետ քննարկել: «Կարող եք դուք կիսել շատ կուսակցությունների  գաղափարներ եւ համագործակցել տարբեր կուսակցությունների հետ, բայց դու կարող ես ձեւակերպել քեզ հարազատ գաղափարների կուսակցություն»:

Նկատենք, որ նորաստեղծ կուսակցությունն արդեն  7-րդն է լինելու երիտասարդ քաղաքական գործչի կենսագրությունում։ Ի դեպ Վահան Բաբայանը նշեց, որ, եթե կուսակցությունը ձեւավորվի այն չի լինելու ընդդիմադիր:

Նշենք, որ իր հրապարակումներից  մեկում Araratnews.am-ը ներկայացրել էր Վահան Բաբայանի անցած ճանապարհը, այդ ժամանակ արդեն իսկ նշելով, որ Բաբայանը իշխանական ճամբարում կհանգրվանի: