Այսօր Ազգային Ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում վերջին օրերին ազատամարտիկների և ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի ծեծի դեպքին, ասաց, որ օրենքի սահմաններում բոլորն իրենց պատիժը կկրեն:
«Հանրապետական կուսակցությանը ոչ մի նման երևույթ ձեռք չի տալիս: Մենք չենք ուզում ենթադրություններ անել, կարող եմ ասել, որ միայն մնում է համբերել: Մեզ էլ է շատ հետաքրքիր, որ բացահայտվեն նման դեպքերը: Այդ գործողությունների սլաքն ուղղված է անմիջապես իշխանություններին, այնպես որ` այլ տեղ պետք է փնտրել մեղավորներին: Դա սադրանք է, որով փորձում են սեպ խրել իշխանության և ընդդիմության միջև»,-ասաց Բաղդասարյանը:
Այն հարցին, թե Արամ Մանուկյանի ծեծն առնչվո՞ւմ է Աբովյան քաղաքում Սերժ Սարգսյանին վիրավորելու հետ, Վահրամ Բաղդասարյանը ասաց.
«Ամեն մարդ կարող է իրեն հերոսացնել: Համբերե´ք, մի փոքր համբերե´ք:»