Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Այգուտ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրիե շրջանակներում ջրարբիացվում է շուրջ 1350 հեկտար արոտ:
Ինչպես տեղեկացրեց Այգուտի վարչական ղեկավար Մխիթար Կարապետյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 33 միլիոն դրամ, որից 1 միլիոն 650 հազար դրամը ներդրել է Այգուտի գյուղապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա մայիս ամսից եւ մոտենում են ավարտին: «Աշխատանքների մոտ 90 տոկոսն արված է: Կառուցվել է 1 կիլոմետր 803 մետր երկարության ջրագիծ, 1 աղբյուրակապ, ընթացքում են երկու խմոցների տեղադրման աշխատանքները, որոնց ավարտից հետո մենք կունենանք մոտ 1350 հեկտար ջրարբիացված արոտ: Այս պահին Այգուտի տնտեսություններում պահվում է 520 գլուխ խոշոր, 385 գլուխ մանր եղջերավոր անասուն: Ծրագրի իրականացումից հետո մենք ակնկալում ենք թե անասնագլխաքանակի ավելացում, թե անասունների մթերատվության բարձրացում, քանի որ վերջնականապես լուծել ենք անասնագլխաքանակի ջրվելու խնդիրը արոտի շրջանումե,-ներկայացրեց Այգուտի վարչական ղեկավարը: