Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում մինչ կանդրադառնար «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, չմոռացավ, որ երեկ անջատել էին խոսափողը և ինչ չէր հասցրել ասել` ասաց.«Երեկ օրենքի հերթական քննարկման ժամանակ ես փորձեցի մի փոքր օրակարգից շեղվել, նախագահողը համառորեն անջատում էր իմ խոսափողը, բայց այսօր տասը րոպե շեղվեցին օրենքից և խոսեցին այլ թեմաներով, և չգիտես ինչու որևէ մեկի խոսափողը չանջատվեց: Հույս ունեմ, որ թույլ կտաք, ես մի րոպե դեղերի օրենքին չանդրադառնամ: Այո, ես ասում եմ, հանրաքվեն չի անցել կատարյալ, այո, տեղի ունեցած հանրաքվեն չավելացրեց հանրության վստահությունն ընտրական գործընթացների նկատմամբ, և այն քաղաքական ուժերը, ովքեր պետք է լինեին իրենց տեղերում ընտրական հանձնաժողովներում, թող բարի լինեին, իրենց տեղերը էժանով չհանեին վաճառքի՝ բիրիքով, դափոններով»:
Այնուամենայնիվ, ԲՀԿ խմբակցության ղեկավարը խոսեց նաև դեղերի մասին.«Այս օրենքը կարող է բերել ոլորտում մոնոպոլիզացիայի շատ վտանգավոր հետևանքների, իսկ մոնոպոլիստների գործունեությանը մեր երկրում, ցավոք սրտի, մենք շատ լավ ծանոթ ենք: Նաև մեծ է վտանգը, որ դեղերի գինը կբարձրանա, ինչն այսօրվա սոցիալական վիճակում անթույլատրելի է: Ինչ վերաբերում է սահմանված տուգանքներին՝ գիտե՞ք, դուք տուգանքների այնպիսի շեմ եք սահմանել, որ այն մարդկանց, ովքեր մտադիր են , կամ ներքին մղում ունեն երկիրը մոնոպոլացնել , նրանց համար այդ տուգանքները ոչինչ են, դա նրանց պերերիվի դեսերտի փողերը չեն անգամ: Նրանք այդ տուգանքները կարող են շատ հանգիստ վճարել»: