Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հասցնելու գործով նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ Տիգրան Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու համար: Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն այս հարցում հույսը որոշել է դնել դատարանի անկողմնակալության վրա:
«Ես չեմ կարող ասել Տիգրան Խաչատրյանի կալանքը կերկարաձգվի, թե ոչ, բայց եթե դատավորը որոշի մի քիչ արդարություն իրականացնել, ապա բնական է, որ կալանքը չի երկարաձգվի, որովհետև այդ մարդուն կալանքի տակ պահելու հիմքեր չկան»,- Araratnews.am-ի հետ զրույցում նշեց նա:
Մեզ հետ զրույցում Մելքոնյանը տեղեկացրեց նաև, որ արդեն իսկ պարզ է նիստի օրը. այն կանցկացվի սեպտեմբերի 19-ին:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը ձերբակալվել էր հուլիսի 27-ին: Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ տևած խորհրդակցության արդյունքում բավարարել էր քննիչի միջնորդությունը և երկամսյա կալանք սահմանել Սյունքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ։ Դատարանը մերժել էր Տիգրան Խաչատրյանի փաստաբանի բոլոր միջնորդությունները` այդ թվում` գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատ արձակելու վերաբերյալ։
Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐԻ