Այդ ֆորմատով հանդիպումից, այո՛, ճիշտ են արել, որ չեն մասնակցել: Այս մասին անդրադառնալով ուսանողների դասադուլին և ՊՆ-ում անցկացված հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելուն նշեց «Հանուն գիտության զարգացման» 2004 թվականի նախաձեռնության անդամ Արեն Մանուկյանը. «Եթե պաշտպանության նախարարն ուզում է հակառակ կարծիքը լսել, փորձում է իսկապես բանավեճ ստեղծել, և ոչ թե իմիտացիա անել, որ հանրային լսումներ կան, այդ դեպքում նա հենց պետք է այս ուսանողների հետ հանդիպեր, այլ ոչ թե ուսանողական խորհուրդների, որովհետև բոլորին էլ հայտնի է, որ նրանք ուսանողներին չեն ներկայացնում, և նրանք չեն գնալու նախարարին ասեն` գիտեք` այս դրույթը սխալ եք մտածել, կամ այս օրենքն ամբողջությամբ սխալ է: ՈւԽ-ները նրանց հանրապետականացված երիտթևերն են, որոնց ինչ ասեն` շատ խելոք, գլուխները կախ ընդունելու են: Իսկ եթե պաշտպանության նախարարին, կրթության նախարարությանը հետաքրքիր է հակառակ կարծիքը, և ուզում են իսկապես բանավիճել, նրանք պետք է քննարկումներ անեն այս ուսանողների հետ, ոչ թե իրենց կուսակցությունը ներկայացնող ուսանողներին, ովքեր բացարձակ հակառակ կարծիք չեն ասում»:
Բանախոսը նաև ընդգծեց, որ նույնը տեղի էր ունենում 2004 թվականին, երբ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կրկին չէին հանդիպում բողոքի ակցիայի ներկայացուցիչների հետ. «2004 թվականին էլ նման սխալ արվեց, երբ փողոցում պայքար էր գնում, իսկ Սարգսյանն ու Քոչարյանն էլ տեսախցիկների առաջ հանդիպում էին ուսխորհուրդների ու բազեների հետ, ովքեր շատ լուրջ դեմքով քննարկում էին բանակի ու պետության ապագան ու ասում էին` այո, շատ կարևոր օրենսդրական նախաձեռնություն է. այն, ինչ ասում էին իշխանությունները: Ու հիմա նույն սխալներն անում է Վիգեն Սարգսյանն իր թիմի հետ, և ես դրա համար շատ ուրախ եմ, որովհետև դա ավելի է մեծացնում ուսանողների հաղթանակի հնարավորությունը»:
ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ