Պզուկների դեմ պայքարում խիստ կարևոր է պարզել դրանց պատճառը: Ինչո՞ւ են դրանք առաջանում:
Պզուկները լուրջ խնդիր են, որոնց կարելի է բախվել ցանկացած տարիքում: Ընդ որում, այն միայն ֆիզիոլոգիական տհաճություն չի պատճառում (ցավոտություն, երբեմն էլ` արյունահոսություն), այլև հոգեբանական: Բազմաթիվ մարդկանց մոտ պզուկների պատճառով կարող են հաղորդակցության դժվարություններ սկսվել, նրանք կորցնում են ինքնավստահությունը, զարգանում են բարդույթներ: Այնպես որ, պզուկներից ազատվելը վերաբերում է ոչ միայն ձեր առողջությանը, այլև կյանքում հաջողությանը:
Բժշկության տարբեր ասպարեզների մասնագետները պնդում են, որ չկա միասնական պատասխան պզուկների առաջացման մասին հարցին: Մինչդեռ այդքան տհաճ երևույթի առաջացման պատճառից հենց կախված կլինի բուժման մեթոդը: Եթե ձեր դեմքին հայտնվել են պզուկներ, կամ էլ ամբողջ դեմքը պատվել է բորբոքումով, ապա դա կարող է նշանակել, որ դուք`
1. Սխալ եք սնվում կամ ունեք ստոմոքսաղիքային համակարգի աշխատանքի խանգարումներ: Արագ սննդի, չափից ավելի տապակած կերակուրների չարաշահումը, ինչպես նաև չափից ավելի ուտելը կարող են մաշկի խնդիրներ առաջացնել: Բացի այդ, պզուկների առաջացումը լուրջ առիթ է գաստրոէնտերոլոգին այցելելու, քանի որ դրանք կարող են վկայել խոցի, ստամոքսաբորբի, խոլեցիստիտի կամ դիսբակտերիոզի մասին:
Ի՞նչ անել
Հարկ է համապատասխան հետազոտություններ հանձնել, վերանայել սնունդը. ուտել ավելի շատ բանջարեղեն և մրգեր, ավելի քիչ խմորեղեն, արագ սնունդ և կիսապատրաստվածքներ, հնարավորինս հրաժարվել «ծանր» սննդից` մայոնեզից (այդ թվում` մայոնեզային սոուսներից), ապուխտներից, նրբերշիկից, կարտոֆիլ ֆրիից և այլն:
2. Մաշկը սխալ եք խնամում: Ձեր մաշկի տեսակին չհամապատասխանող քսուքների օգտագործումը, սխալ մաքրելը, դիմահարդարման չարաշահումը` այս ամենը կարող են բերել անցանկալի ցանի: Տղամարդկանց մոտ պզուկներ կարող են առաջացնել նույնիսկ սափրվելու որոշ գելեր:
Ի՞նչ անել
Ցանկալի է դեմքը մաքրել օրը երկու անգամ` առավոտյան և երեկոյան: Երբեք մի ծուլացեք և քնելուց առաջ մաքրեք դիմահարդարումը:
Ուշադրություն. Եթե դուք արդեն պզուկներ ունեք, երբեք տնային պայմաններում մաքրում մի կատարեք: Սա կարող է էլ ավելի վնասել մաշկը և ուժեղացնել բորբոքումը:
3. Ձեր հորմոնային ֆոնը խանգարված է: Սա դեռահասային տարիքում և չափահասների մոտ պզուկների առաջացման ամենահաճախակի առաջացող պատճառներից է: Կանայք կարող են տառապել ակնեից դաշտանի շրջանում, հղիությունից հետո կամ այլ դեպքերում, երբ հորմոնային խախտում է տեղի ունենում:
Ինչ անել
Այցելեք էնդոկրինոլոգի և գինեկոլոգի, հանձնեք հորմոնների հետազոտություններ: Հիշեք, որ հորմոնային խանգարումները կարող են առողջության հետ կապված լուրջ խնդիրների հանգեցնել, օրինակ` կանանց մոտ ձվարանների պոլիկիստոզի և մաստոպաթիայի, ուստի չարժի հետաձգել այցելությունը:
Ինչպես տեսնում եք` հաճախ պզուկների առաջացումը կախված է առողջության ինչ-որ խանգարումներից, ուստի ցանկալի է դրանք բուժել ներսից: Իսկ ստույգ պատճառը պարզելու համար ցանկալի դիմել մաշկաբանի, որը կուղարկի ձեզ հետազոտություններ հանձնելու կամ ուրիշ մասնագետների:
Սակայն երբեմն խնդիրը հնարավոր է լուծել անհամեմատ դյուրին` օգտագործելով փորձված տնական միջոցներ:
Շարունակելի