տուն Լուրեր «Ավտոդալալներն» ընդդեմ պետության. ՊԵԿ-ը չպետք է գնա զիջումների

«Ավտոդալալներն» ընդդեմ պետության. ՊԵԿ-ը չպետք է գնա զիջումների

128
0

Այսօր Երևանի Բրազիլիայի հրապարակում ավտոներկրողները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ պետական եկամուտների կոմիտեի և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի: Ավտոմեքենա ներկրողները և վաճառողները դժգոհում են ՊԵԿ-ի վարած քաղաքականությունից: Առաջին հայացքից արդարության համար պայքարող վաճառականների բողոքը հետապնդում է միանգամայն այլ նպատակ: Վաճառականներն ուզում են ամեն կերպ խուսափել հարկեր վճարելուց և որքան հնարավոր է շատ գումար աշխատել՝ չվճարելով հարկեր: Հեղափոխությունից հետո ՊԵԿ-ի ղեկավարությունը հայտարարեց, որ մեքենաները կմաքսազերծվեն ներկայացված ինվոյսներով: Ա՛յ հենց այդ հայտարարությունից հետո մեքենաների ներկրումը կրկնակի ավելացավ: 2018 թվականին արձանագրվել է ավտոմեքենաների ներմուծման ծավալների կտրուկ աճ՝ նախկինում տարեկան 40 հազար ավտոմեքենայից հասնելով արդեն իսկ 62,5 հազարի:

Բողոքող վաճառականները, որոնց քաղաքացիներն անվանում են մեքենաների «դալալներ», սկսեցին կիրառել հարկերից խուսափելու տարատեսակ մեթոդներ: Ձեռք էին բերում 10 հազար դոլարանոց մեքենա, ներկայացնում կեղծ փաստաթղթեր, որ, ընդունենք, 10 հազար դոլար արժողությամբ մեքենան գնել են 2000 դոլարով, և պետությունը ստիպված պետք է լիներ կոպեկների դիմաց շքեղ և թանկարժեք մեքենան մաքսազերծել : Երբ այս մարդկանց կեղծարարությունը պարզվեց, նրանք անցան այսպես կոչված բողոքի ակցիաների:

Երբ պետությունը՝ ի դեմս ՊԵԿ-ի հասկացավ, որ իրեն խաբում են, թարմացրեց հսկիչ գներն ու սահմանեց նոր՝ ավելի խիստ խաղի կանոններ, որ չխաբվի: Հիմա «դալալները» իրենց համար գտել են առաջնորդ՝ Տիգրան Հովհաննիսյանին, ով բողոքում է ՊԵԿ-ի դեմ:

Ըստ մեր աղբյուրների՝ Տիգրան Հովհաննիսյանը ամիսներ առաջ դիմել էր ՊԵԿ և առաջարկում էր մասնավոր մաքսատուն բացել, ցանկանալով պետության փոխարեն ինքն աշխատեր այդ գումարները, սակայն բնական է, որ ՊԵԿ-ը մերժել է այս պարոնին, որն էլ նախաձեռնել է բողոքի ակցիաներն ընդդեմ ՊԵԿ-ի ղեկավարության: Ավտոներկրողները ոչ միայն մաքսազերծման մեջ են խաբել պետությանը, այլ նաև տեղի շուկայում, երբ իրականացրել են առքուվաճառք: Վաճառվող մեքենան գրանցելիս ներկայացրել են որպես նվիրատվություն, որպեսզի խուսափեն հարկերից: ՊԵԿ-ը սակայն հասկացել է նաև այս խաբեությունն ու այն թույլ չի տալիս:

Հարկային և մաքսային պետական կոմիտեն պարտավոր է իրականացնել երկու շատ կարևոր քայլ և չգնալ զիջումների: Առաջին՝ պետք է հարկել նվիրատվությունը, որպեսզի կանխվի ապօրինի ձեռնարկատիրությունը, և երկրորդ՝ պետք է մաքսազերծումն իրականացնի կողմնորոշիչ գներով, որն էլ կկանխի ինվոյսները կեղծելու պրակտիկան, առանց կողմնորոշիչ գների ավտոմեքենաների ներմուծումն անվերահսկելի կլինի:

Եթե այս հարցում Դավիթ Անանյանն ու ՊԵԿ-ը գնան զիջումների, ուրեմն պետությունն այդկերպ թույլ կտա, որ մի խումբ ավտովաճառող «դալալներ» խաբեն ու գողանան պետբյուջեի գումարները: Բոլորը, այդ թվում և՝ այս մարդիկ պետք է հասկանան, որ հարկեր վճարելը յուրաքանչյուր ձեռներեցի սուրբ պարտականությունն է, և պետությունն ուժեղ է միայն իր ստացած հարկերով: