Լուսանկարը՝ iravaban.net-ի
Երեւանին հարակից Ձորաղբյուր ամառանոցային թաղամասում այս պահին շարունակվում են իրավապահների գործողությունները՝ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի համար կասկածյալի առանձնատանը։ Ինչպես հայտնում է տեղում գտնվող «Երկիրն այսօրի» լրագրողը, քիչ առաջ տարածք է կանչվել ականազերծողների մի խումբ՝ ՊՆ-ից։
Նրանք, ինչպես նաեւ տեղում աշխատող մյուս մասնագետները մեկնաբանություններ չեն տալիս, սակայն ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինները պարզել էին դեպքի վայրում տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։
«Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։ «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաեւ ավտոբուսի եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ»-, տեղեկացրել էին Քննչական կոմիտենց:
Ձորաղբյուրում գտնվող մեր լրագրողին հաջողվել է նաեւ ճշտել, որ կասկածյալի անունը Ռուբեն Բալյան է, նա շուրջ 40 տարեկան է։ Այս մասին հայտնել է Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղապետ Արայիկ Մուքայելյանը։ Վերջինս նաեւ տեղեկացրել է, որ Բալյանը ամառանոցային թաղամասում մշտապես չի բնակվել, այլ ժամանակ առ ժամանակ եկել-գնացել է։ Մոր հետ, որի ունունով էլ գրանցված է տվյալ ամառանոցը, հաշտ չեն եղել, անընդհատ վիճաբանություններ են եղել։
Հ. Գ.- Ինչպես տեղանում ենք iravaban.net-ից, կասկածյալը պայթուցիկը այդ ավտոբուսով տեղափոխելիս է եղել իրենց տուն՝ մորը պայթացնելու նպատակով: Հիշեցնենք, որ ավելի վաղ, քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը araratnews.am-ին հայտնել էր, որ պայթուցիկը մեղադրվողը նախատեսել էր ազգականներին վնասելու համար։