Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատարին:Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Նյու Յորքում հանդիպել էի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատար Մամի Միզուտորիին:
Ընդգծել եմ, որ Հայաստանը հանձնառու է կյանքի կոչել Կայուն զարգացման նպատակները և մտադիր է էլ ավելի մեծացնել երկրի դիմադրողականությունը՝ համաձայն Աղետների ռիսկերի նվազեցման 2015-2030թթ. Սենդայի շրջանակային ծրագրի և Փարիզի կլիմայի համաձայնագրի առաջնահերթությունների։
Գոհունակությամբ արձանագրել ենք, որ հուլիսի 15-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպված էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված միջոցառումն ուրույն հարթակ հանդիսացավ մասնակից երկրների համար՝ կլիմայական փոփոխությունները հաշվի առնող տնտեսական զարգացման մոդելը քննարկելու և միասնական քայլեր ձեռնարկելու առումով»,- գրել է նա: