Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, ելույթով հանդես եկավ ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա զգուշացրեց քաղաքացիներին, ասելով, որ հերթական անգամ կառավարությունն ուզում է գումար գանձի քաղաքացուց:
Փոստանջյանը հայտարարեց, թե նախագծով այդ գումարները մասնավոր անձանց գրպանն են մտնելու, եւ պետությունը դրանից ոչինչ չի շահի: Այնուհետեւ, ամփոփելով տարին, Զարուհի Փոստանջյանը անդրադարձավ 2015-ի կարեւոր իրադարձություններին՝ նշելով որ դրանք սկսվեցին ցնցումներով. «Ցնցումները սկսեցին հենց առաջին աշխատանքային շաբաթից՝ հունվարի 12-ից, երբ սպանվեց Ավետիսյանների ընտանիքի 7 անդամ, ապա փետրվարյան իրադարձությունները տեղի ունեցան, երբ ասացին, որ միայն ՀՀԿ-ն է որոշելու՝ ով զբաղվի քաղաքականությամբ, ով չզբաղվի, հետո փորձեցինք անդրադարձ կատարել 100 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությանը»: Զարուհի Փոստանջյանը չմոռացավ նաեւ Քիմ Քարդաշյանի այցը՝ նշելով, որ համաշխարհային աստղեր եկան Հայաստան. «Հետո մենք ականատես եղանք, թե ինչպես ամռանը երիտասարդների նախաձեռնությամբ պաշարվեց Բաղրամյան պողոտան, եւ իհարկե, արդեն դեկտեմբերի 6-ի հարձակումը, հարձակումից հետո տեղի ունեցող իրադարձությունները: Ռեժիմը, չգիտի ինչպիսի վարքագիծ դրսեւորի, չի իմանում, թե որտեղ է գտնվում այն սպառնալիքը, որն իր մոտ վախ է առաջացնում: Այդ սպառնալիքը չգիտակցելով որտեղ է, փորձում է կանխել: Փողոցային խուժանին ուղարկում է «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման հավաքներին, որպեսզի խափանի դրանք: Այդ խուժանը նույն գործողությունն է կատարել ընտրատեղամասերում: Ընտրատեղամասերի տեսագրությունները տարածված են ողջ աշխարհով»,- ասաց պատգամավորը:
Զարուհի Փոստանջյանը նաեւ վստահեցրեց, որ մյուս տարի այս ցնցումները մտնելու են բոլոր տարածքները, նաեւ այն դատարկ տարածքը, որը կոչվում է ԱԺ: «Այս դատարկ տարածքում եւս տեղի են ունենալու ցնցումներ: Շատերի համար անսպասելի Սովետական իշխանությունը անկում ապրեց, եւ ոչ մեկը պատրաստ չէր, որ ունենալու ենք ազատ, անկախ Հայաստան: Հիմա էլ ոչ մեկը չի պատկերացնում, որ գործող ռեժիմի անկում է տեղի ունենալու, եւ մենք պետական իշխանությունը վերականգնելու ենք»,- նշեց Փոստանջյանը:
Եզրափակելով՝ պատգամավորը հայտարարեց, որ վաղը 17.00-ին «Նոր Հայաստանը» Ազատության հրապարակում նոր ժողով է անելու, որտեղ հրապարակվելու են մարզային այցելությունների արդյունքները: