Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Le Monde»-ին տված սկանդալային հարցազրույցում խոսել է ֆրանսիական ֆուտբոլում ունեցած իր դերի մասին:
Լրագրողը հարց է ուղղել, թե չի՞ կարծում արդյոք, որ 2015թ.-ին ստացած 20 մլն եվրո աշխատավարձը չափազանց շատ է տնտեսական ճգնաժամի պայմաններում: Ֆուտբոլիստը պատասխանել է, որ այդպես չի կարծում;
«Ի՞նչ է նշանակում «չափազանց շատ»: Չեմ հասկանում այդ խոսքերը: Արժեքը որոշում է շուկան: Եթե այլ ֆուտբոլիստ 10 անգամ ավելի լավն է, ապա նա 10 անգամ ավելի բարձր աշխատավարձ կստանա ինձնից. դա այդպես է աշխատում»,- ասել է Իբրահիմովիչը:
Նա ի պատասխան հարց է ուղղել, թե գիտե՞ն արդյոք ինքը որքան հարկ է վճարում: Լրագրողը պատասխանել է, որ չգիտի: Իբրահիմովիչն էլ ասել է. «Այս երկրին ավելի շատ եմ օգնել, քան նախագահ Ֆրանսուա Օլանդը»:
Լրագրողի հակադարձմանը, որ 75 տոկոսի հարկն այլևս չի գործում, շվեդ ֆուտբոլիստը պատասխանել է. «Իսկ դուք վստա՞հ եք: Շարունակում եմ վճարել: Շատ եմ օգնում հարկերով, քանի որ վճարում եմ դրանք»:
Վերջում լրագրողը խնդրել է պատմել Ֆրանսիայից ստացած տպավորությունների մասին: Իբրահիմովիչը ասել է. «Իբրան եկավ ու դարձավ գլխավորը»: Հարցին, թե ուրիշ ոչինչ չի՞ կարող ասել, ֆուտբոլիստը պատասխանել է. «Ոչ, դա բավարար է»: