տուն Լուրեր Ավարտվել է Հանրաքվեի ընթացքը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու գործով նախաքննությունը

Ավարտվել է Հանրաքվեի ընթացքը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու գործով նախաքննությունը

118
0

HQC-320x228

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Նշան Ասատրյանը ուղղակի դիտավորությամբ խոչընդոտել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանող՝ զանգվածային լրատվության միջոց հանդիսացող՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի  լիազորությունների իրականացմանը:

Մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ  Մկրտչյանը Կոմիտասի 56 հասցեում գործող «Այո» ընտրական քարոզչական շտաբի դիմաց տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու  նպատակով հիշյալ վայրում տեսախցիկով կատարել է նկարահանում, որի ժամանակ Նշան Ասատրյանը  մոտեցել է վերջինիս և պահանջել, որ դադարեցնի նկարահանումներն ու  հեռանա: Անուշ Մկրտչյանը շարունակել է իրականացնել իր լիազորությունները,  որի ընթացքում Ն. Ասատրյանը վերջինիս կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ ձեռքով բռնել է տեսախցիկի օբյեկտիվը և Անուշ Մկրտչյանից պահանջել տեսախցիկը կամ դրա հիշողության քարտը հանձնել իրեն: Այս կերպ՝ Ն. Ասատրյանը իր դիտավորյալ գործողություններով խանգարել է նկարահանման իրականացմանը՝ խոչընդոտելով զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը:

Հիշյալ հանցագործությունը կատարելու համար Նշան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Հանրաքվեի գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2016 թվականի մարտի 24-ի դրությամբ հարուցվել և քննվել են 37 քրեական գործեր, որոնցից 10-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 15 քրեական գործ կարճվել է, 2 քրեական գործ կասեցվել է, 3 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 7 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: