Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 22-ից կինոթատրոններում կսկսի ցուցադրվել «Սուպեր մամա» եւ «Ալաբալանիցա» ֆիլմերի ստեղծագործական խմբի նոր՝ «Սիրո գործակից» սուպեր կատակերգությունը։
Գլխավոր դերակատարներից Հայկ Մարությանը մեզ հետ զրույցում ասաց՝ ստեղծագործական թիմն ամեն ինչ արել է, որ նոր ֆիլմը նախորդներից գոնե մեկ քայլ առաջ լինի:
—Շուտով էկրան կբրաձրանա նոր ֆիլմ՝ «Սիրո գործակից», ի՞նչ եք կարծում այս ֆիլմն այնպիսի հաջողություն կունենա՞, ինչպիսին ունենցան «Սուպեր մաման», «Ալաբալանիցան», ի՞նչ սպասումներ ունեք:
-«Սուպեր մաման» շատ բարձր նշաձող դրեց եւ ռեկորդ սահմանեց թե´ կինոթատրոնում մարդկանց դիտումների քանակով՝ մոտ 220 հազար մարդ, թե´ յութուբյան է էջում դիտումներով՝ 5 մլն-ից ավելի: Այդ առումով մենք «դժվար» իրավիճակում ենք. նշաձողն այնքան բարձր է, որ պարտավորվածություն ես զգում հաջորդ ֆիլմն անելուց գոնե մեկ քայլ առաջ անցնել: Կարծում եմ՝ այդ խնդիրը լուծել ենք. սցենարի մտահղացումից սկսած ամեն ինչ արվել է նախորդ ֆիլմից մեկ քայլ առաջ լինելու համար: Իհարկե, դա ազդել է նաեւ բյուջեի վրա, բայց մենք գնացել ենք այդ ճանապարհով, բյուջեն էլ միտումնավոր ավելացրել ենք՝ մեր առջև դրված խնդիրը լուծելու համար:
—Ի՞նչ նորություն է սպասվում այն հանդիսատեսին, որը կգա ֆիլմը դիտելու, այսինքն՝ ի՞նչ նոր բան կա ֆիլմում, որի մասին կնշեք:
-Այո´, կա եւ ոչ թե մեկ, այլ մի քան նոր բան. առաջինը՝ ֆիլմի սպորտային ուղղվածությունն է. ամբողջ ֆիլմի ընթացքում թենիսի կանանց մրցաշար է ընթանում: Հայաստանում սպորտային թեմաներով երբևէ ֆիլմ չի նկարվել, երկրորդը՝ աստղային կազմն է, չեմ մտաբերում որևէ ֆիլմ, որում դերասանական կազմը լինի նույնքան պրոֆեսիոնալ եւ «ուժեղ», ֆիլմում խաղում են Գարիկ Պապոյանը, Էթերի Ոսկանյանը, Արմինե Պողոսյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Լուիզա Ներսիսյանը, Ժենյա Մկրտումյանը, Խորեն Լևոնյանը, Աննա Հարությունյանը, Լևոն Հարությունյանը, Արման Նավասարդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արմուշը: Բոլորն իրենց տեղում են եւ յուրաքանչյուրն իր գործը շատ լավ է կատարել:
-Ինչո՞ւ եք սպորտին անդրադառնում, որովեհետև նման խնդիր կա՞ Հայաստանում, թե՞ …
-Մենք ուզում էինք բոլորովին այլ ոճի բան նկարել, ուզում էինք՝ ֆիլմը դրական էմոցիաններ պարգևեր դիտողին: Այս առումով սպորտը լավագույն թեման է։ Հայաստանում էլ, իհարկե, այդ խնդիրը կա, մարդիկ չեն զբաղվում սպորտով: Պրոպագանդել սպորտն ու խթանել, որ մարդիկ սկսեն զբաղվել դրանով՝ մեզ հետաքրքիր թվաց: Մենք էլ եկանք այն եզրահանգմանը, որ կարելի է այս ֆիլմը նվիրել սպորտին:
-Այսինքն՝ կարելի՞ է ասել՝ գլխավոր մեսիջը դա է:
— Սա ռոմանտիկ կինոկատակերգություն է՝ ավանտյուրայի էլեմենտներով, սպորտը, բնականաբար, գլխավոր գաղափարն է, բայց սպորտի միջոցով տալիս ենք ե´ւ ավանտյուրան, ե´ւ սերը՝ տարբեր հարաբերություններում: Սպորտի «սոուսով» տալիս ենք այս ամենը միասին:
-Հա´յկ, երբ նոր ֆիլմ կամ ներկայացում է էկրան բարձրանում, միշտ գտնվում են մարդիկ, որոնց «գործը» քննադատելն է, ըստ Ձեզ ՝ ովքեր կլինեն ձեր այս նոր ֆիլմի քննադատները:
-Ցավում եմ, որ Հայաստանում պրոֆեսիոնալ քննադատներ ոչ թե չկան, այլ չեն երևում, չկա այն ծանրակշիռ խոսքը, որ կհնչի նշված անձանց կողմից: Բնականաբար, առանց քննադատության որևէ բան չի կարող լինել, բայց դա պետք է անեն պրոֆեսիոնալ կերպով: Այսօր քննադատությունների մեծ մասն անում են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ: Քննդատությունների առջև բաց ենք, բայց վիրավորանքներին արձագանքում ենք:
-Մարզերո՞ւմ էլ ցուցադրություն կկազմակերպեք, ինչպես նախորդ անգամ արեցիք:
-Կցուցադրվի Երևանի բոլոր կինոթատրոններում, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ կցուցադրվի այն բոլոր տեղերում, որտեղ կան կինոթատրոններ, իսկ որտեղ չկան՝ մենք ստեղծում ենք կինոթատրոններ, որպեսզի մարդիկ գան, դիտեն: Նշեմ նորից՝ կոմերցիոն նպատակով չի արվում. նպատակն այն է, որ հեռավոր գյուղերում ապրող մադրիկ եւս իրենց զգան ՀՀ լիարժեք քաղաքացի, վայելեն այն, ինչ վայելում են Երևանում:
-Իսկ հիմա ասացեք՝ ինչո՞ւ պետք է քաղաքացին գա կինոթատրոն՝ ձեր ֆլիմը նայելու:
-Չեմ կարող պատասխանել (ծիծաղում է- հեղ.):
-Ամեն դեպքում փորձեք…
-Մենք ապահովում ենք որակյալ հումոր, բացի հումորից ՝ կա ասելիք, դիտելուց հետո մտածելու տեղիք է տալիս: Բնականաբար, առօրյայից կտրվելու եւ լիցքաթափվելու հրաշալի հնարավորություն է, եթե մարդիկ դրա կարիքն ունեն:
Զրուցեց՝ Շողիկ ԳԱԼՍՏՅԱՆԸ