Մարտի 3-4-ին Աթենքում կայացել է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական 5-րդ նիստը: ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
Նիստի օրակարգում ներառված էին առեւտրատնտեսական համագործակցության, սեկտորալ՝ մասնավորապես, տրասպորտի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման, գիտության, տեխնոլոգիաների եւ հարկային բնագավառներին առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության, զարգացման աջակցության եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում երկու երկրների միջեւ առկա գործընկերության հետագա խթանմանն ու զարգացման հեռանկարներին:
Հանձնաժողովի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում երկուստեք կարեւորվեց ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, այդ թվում` գործարար շրջանակների միջեւ կապերի ակտիվացումը՝ միտված առեւտրատնտեսական կապերի համապատասխանեցմանն առկա քաղաքական օրինակելի հարաբերություններին:
Աթենքում գտնվելու ընթացքում փոխնախարար Կարեն Նազարյանն առանձին հանդիպումներ է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասի եւ նախարարի՝ տնտեսական համագործակցության հարցերով տեղակալ Դիմիտրիոս Մարդասի հետ: