Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը օրենք է ստորագրել Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ)Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին 2009-ի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին արձանագրության վավերացման վերաբերյալ, ինչպես նաեւ արձանագրություն ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին 2009-ի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ, տեղեկացրել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Պայմանագրում եւ համաձայնագրում արձանագրությամբ նախատեսված փոփոխությունները կապված են Եվրասիական տնտեսական ընկերակցության գոյության դադարեցման եւ որոշակի ֆինանսական դրամաշնորհային ծրագրերի ներդրման հետ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Արձանագրությամբ նաեւ նորմ է նախատեսված հիմնադրամի մաքուր եկամուտը հիմնադրամին մասնակից եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրներում սոցիալական ոլորտում դրամաշնորհային ծրագրերի անվարձահատույց ֆինանսավորման մասին:
2015-ի հունիսի 15-ից ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամը վերանվանվել է Կայունության եւ զարգացման եվրասիական հիմնադրամ (ԿԶԵՀ): Հակաճգնաժամային հիմնադրամը ստեղծվել է 2009-ի հունիսի 9-ին: Հիմնադրամի նպատակն է մասնակից երկրներին աջակցել ֆինանսական գլոբալ ճգնաժամի հետեւանքների հաղթահարման, նրանց տնտեսական եւ ֆինանսական կայունության ապահովման եւ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին աջակցության գործում: