ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
«Եթե ուսանողներն ուսմանը զուգահեռ կարողանում են առաջադիմություն ցուցաբերել, ինչպես նաև աշխատում են, ապա կարծում ենք, որ ճիշտ կլինի, որ պետությունը խրախուսական միջոց կիրառի՝ ուսանողի եկամտահարկը տարեկան կտրվածքով վերադարձվի ուսման վարձի չափով»,- նշեց Գաբրիելյանը։
Պատգամավորը շեշտեց, որ օրինագծի տված հնարավորությունից կարող են օգտվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող անձինք։
«Մեր քաղաքականությունը բոլոր ուղղություններով հետևյալն է՝ մի կողմից խրախուսում ենք անհատի զարգացումը, մասնագիտական որակների բարձրացումը, միևնույն ժամանակ, պարտավորվում ենք որոշակի երաշխիքներ տրամադրել և օգնել։ Չափազանց կարևորում ենք հանրային քննարկումը, առաջարկները, որոնք ստանում են բուհերում՝ փորձագետների, դասախոսական կազմի, ինչու չէ նաև ուսանողների կողմից»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Պատգամավորն ասաց, որ ակամայից լուծվել է նաև ուսանողներին օրինական աշխատաշուկա բերելու խնդիրը։
Պատգամավորների խոսքով՝ այս պահին ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ տարիքային որևէ սահմանափակում չկա՝ կարող են օգտվել աշխատող և սովորող բոլոր տարիքի անձինք։