«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը այսօր տեղի ունեցող ԱԺ նիստին «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրինագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ:
Թևան Պողոսյանը «փոխհատուցել» գաղափարի վրա դրեց հիմնական շեշտը: Պետությունը փոխհատուցում է աշխատող հղի կնոջ արձակուրդը, որովհետև, ըստ պատգամավորի, կինն այս դեպքում նաև պետության համար է մեծ գործ արել: Քննարկեց նաև մյուս դեպքը՝ մայր, որը չի աշխատում. «Չաշխատող կինը ևս կարող է ունենալ երեխա, սակայն, ինչպիսին էլ լինի նրա զբաղվածությունը՝ նա ունենալու է ՀՀ քաղաքացի: Այս դեպքում մենք նրան տալու ենք որպես պարգևատրում «նպաստ»: Այստեղ կարևոր է իրարից տարբերել նպաստն ու փոխհատուցումը»:
«Այս երկու տարբեր հասկացությունները վերցրել և իրար խառնելով ներկայացնում ենք հանրությանը: Աշխատող մայրերը հասկանում են այսպես, որ իրենք աշխատում են, վճարում են բոլոր հարկերը, իսկ հղիության ժամանակ չեն փոխհատուցում իրենց կատարածի համար: Եթե տարանջատենք այս երկու հասկացությունները, ապա պարզ կդառնա բոլորին, որ ի շահ բոլորին ենք այս օրինագիծը ներկայացրել»,- ասաց Թևան Պողոսյանը: