Օրերս նախարարության կողմից ԱԺ-ին է ներկայացվել Աշխատանքային օրենսգրքում փոփոխութուններ և լրացումներ անելու մասին ՀՀ օրենքի նոր նախագիծը: Օրենսգրքում կատարված փոփոխությունների, գործատու-աշխատող իրավահարաբերությունների, աշխատանքային գրքույկների պիտանի լինել-չլինելու մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը:
Թադևոս Ավետիսյանը մինչև իր խոսքը սկսելը հայտնեց, որ Կառավարությունն արդեն հավանություն է տվել այս նախագծին: Հիմնական շեշտադրումը դրվեց աշխատանքային գրքույկի կիրառության վրա: Այս առաջարկի ընդունվելուց հետո աշխատակիցները կարող են աշխատանքային գրքույկ ալևս չօգտագործել: Նոր աշխատանքային պայմանագիր կնքելուց արդեն աշխատանքային գրքույկը որևէ դեր չի խաղալու: Աշխատակիցների ստաժի տվյալները անցկացվելու են էլեկտրոնային համակարգ, որը ստեղծելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Այն աշխատակիցները, որոնք կնքել են պայմանագիր աշխատանքային գրքույկով՝ շարունակելու են աշխատել այդպես, նշեց Թադևոս Ավետիսյանը: Գործատուները պարտավորվելու են իրենց աշխատակիցների աշխատանքային գրքույկների տվյալները փոխանցել էլեկտրոնային տիրույթ՝ օրենքի ընդունվելուց հետո մեկ տարվա ընթացքում: Աշխատակիցները հնարավորություն են ունենալու իրենց տվյալներին տեղյակ լինել՝ շեշտեց Թադևոս Ավետիսյանը: