տուն Լուրեր Աշխարհում ինչ-որ բան փոխելու հույսով. UWC Դիլիջանի բացումը՝ մի քանի օրից (լուսանկարներ)

Աշխարհում ինչ-որ բան փոխելու հույսով. UWC Դիլիջանի բացումը՝ մի քանի օրից (լուսանկարներ)

100
0

 

jh

Դիլիջանի ազգային պարկին հարող հատվածում, 88 հա տարածք զբաղեցնող UWC Դիլիջան քոլեջում  այս տարի առաջին անգամ հանդիպել են 96 պատանիներ՝ աշխարհի 48 երկրներից: Քոլեջը մոտ մեկ ամիս է՝ ինչ գործում է: Ուսանողները տարբեր երկրներից դիմել են UWC (United World College) և պատահականության սկզբունքով ընտրվել է երկիր, որտեղ նրանք պետք է սովորեն: UWC Դիլիջանում մեզ հանդիպած բոլոր ուսանողներն ուրախ էին հատկապես Հայաստան գալու համար: Բոլոր առավելություններից ամենակարևորը, նրանց խոսքով, Դիլիջանի բնությունն է: Քոլեջում այս տարի սովորում է 10 հայ ուսանող:

Այսօր լրագրողների շրջայցի ընթացքում քոլեջի տնօրեն Ջոն Փադֆութը ասաց, որ այստեղ սովորող հայ ուսանողները բավական մեծ աջակցություն են ստանում՝ կապված ուսման վարձավճարների հետ: Մեծ է նաև մասնագետների հետաքրքրությունը՝ այստեղ դասավանդելու:

«Մենք բոլոր աշխատատեղերի նկատմամբ մեծ հետաքրքրություն ենք ունեցել: Ու բավական մեծ աշխատանք ենք կատարել՝ ընտրելու նրանցից լավագույններին»,- ասաց նա:

Տնօրենի խոսքով՝ այստեղ դասավանդող 20 դասախոսներից 4-ը հայ մասնեգտներ են:

Փոխտնօրեն Սալի Նորիսը նշում է, որ իրենք սաներ են ընդունել գրեթե բոլոր մայրցամաքներից:

«Այստեղ սովորելն արժե 35 հազ. ԱՄՆ դոլար, բայց շատ քիչ ուսանողներ են վճարում այդքան գումար: Ուսանողները հիմնականում վճարում են վարձավճարի 10 տոկոսը: Հովանավորներն, ըստ կարիքի, վճարում են այստեղ ուսանող բոլոր երեխաների վարձավճարները: UWC քոլեջները միտված են ներառելու այնպիսի ուսանողների, ովքեր աշխատում են ինչ-որ բան փոխել իրենց միջավայրում: Իրականում գումարը երբևէ այստեղ սովորելու պայման չէ»,-նշում է փոխտնօրենը :

UWC-ի միջազգային գրասենյակը վերջերս հետազոտություն է կատարել՝ պարզելու, թե արդյոք հաջողվե՞լ է UWC շրջանավարտներին՝ հասնելու հաջողության: Եվ կան  մարդիկ, ովքեր բիզնեսի և քաղաքականության ոլորտներում են ներգրավված եղել, բավական ակտիվ մասնակցություն ունեն նաև հասարակական կյանքում:

Առաջին UWC քոլեջը հիմնադրվել է Ուելսում՝ 1962թ.: Ունի 14 դպրոցների ու քոլեջների ցանց աշխարհի 5 մայրցամաքներում: UWC-ն տարեկան ավելի քան 7500 սան է ունենում:

UWC Դիլիջանի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 11-ին:

Աշխարհում ինչ-որ բան փոխելու, այն ավելի խաղաղ, անկողմնակալ ու կայուն դարձնելու հույսով այստեղ հավաքված պատանիները, հնարավոր է, փոխեն նաև Հայաստանի ապագան:

2

 

3

 

4

 

5

 

6

 

Անի Պետրոսյան