տուն Լուրեր Աշխարհի բնակչության թիվը 2100 թվականին կհասնի 11.2 միլիարդի. ՄԱԿ-ի զեկույց

Աշխարհի բնակչության թիվը 2100 թվականին կհասնի 11.2 միլիարդի. ՄԱԿ-ի զեկույց

125
0

mak

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ժողովրդագրական տվյալների վերաբերյալ կանխատեսումներն արված են միջին կանխատեսմամբ:

«Կանխատեսումներն արվում են լավատեսական, միջին և վատատեսական սցենարներով։ 2100 թվականին Հայաստանի բնակչության թիվը կկազմի 1,8 միլիոն և դա վատատեսական կանխատեսում է: Ամենացածր կանխատեսումն այն է, որ 1 միլիոնից պակաս բնակչություն ունենանք»,- ասաց բանախոսը:

Ըստ կանխատեսումների՝ աշխարհի բնակչության թիվը 2100 թվականին կհասնի 11.2 միլիարդի այսօրվա 7.3-ի միլիարդի փոխարեն: Ասիան կզիջի իր դիրքերը, Եվրոպայում նույնպես կգրանցվի բնակչության թվի նվազում՝ հասնելով 646 միլիոնի: Ամենամեծ աճը կապահովի Աֆրիկան` 1 միլիարդից հասնելով 4.4 միլիարդի: Իսկ Թուրքիան և Իրանը կմնան մեծ երկրներ՝ բնակչության տեսակետից, բայց այնտեղ էլ կարձանագրվեն բնակչության կորուստներ:

«Մի շատ կարևոր գործակցի մասին եմ ուզում նաև խոսել, որն իսկապես մտահոգիչ է: Դա աշխատող բնակչության հարաբերակցությունն է 60–ից ավելի բարձր տարիք ունեցող բնակչության նկատմամբ: Եթե այսօր՝ 2015 –ին ունենք մոտ 5,4 աշխատող, որոնք աջակցում են կենսաթոշակային տարիքի մեկ չաշխատողի, ապա 2100–ին բարձր կանխատեսումով կունենանք 2.4 աշխատող, որոնք կաջակցեն 1 կենսաթոշակառուի, իսկ վատատեսական սցենարով կլինի մեկը մեկին: Սա բերելու է մի մեծ սոցիալ-տնտեսական բեռ աշխատող բնակչության վրա, և չի աշխատելու սերունդների համերաշխության սկզբունքը, որ այսօր գործում է Հայաստանում»,- նշեց Հայրապետյանը:

Նա ընդգծեց, որ այս կանխատեսումների և հաշվարկների վրա հիմնական ազդող գործոններն են եղել ծնելիությունը, մահացությունն ու միգրացիան:

Ըստ նրա՝ սեռերի հարաբերությունը Հայաստանում նույնպես ոչ մի լավ բան չի խոստանում:

«Այսօրվա պատկերն է՝ 86 տղամարդ 100 կնոջ հաշվարկով, սա ամբողջ բնակչության թվաքանակի մեջ է, բայց ոչ 0-19 տարեկանների շրջանում: Իսկ 0-19 տարեկանների մեջ  տղաները 11,4-ով ավելի են, քան աղջիկները»,-հավելեց Հայրապետյանը: