տուն Լուրեր «Աշխարհի առաջին քրիստոնեական երկի՞րը». BBC-ի անդրադարձը Հայաստանին (ֆոտոշարք)

«Աշխարհի առաջին քրիստոնեական երկի՞րը». BBC-ի անդրադարձը Հայաստանին (ֆոտոշարք)

218
0

новый коллаж

Բրիտանական հեղինակավոր BBC լրատվական կայքն իր BBC Travel բաժնում՝ «Աշխարհի առաջին քրիստոնեական երկի՞րը» վերտառությամբ, անդրադարձել է Հայաստանին և նրա տեսարժան վայրերին:

Այս եվրոպական երկիրը քրիստոնեությունն որպես պետական կրոն ընդունեց 301 թվականին, և այդ պատմությունը կարելի է տեսնել նաև այսօր. գրում է BBC-ն:

Հոդվածում նշվում է քրիստոնեության ընդունման, հոգևոր առաջնորդ Գրիգոր Լուսավորչի, Խոր Վիրապ վանական համալիրի, Գառնու հեթանոսական տաճարի, Գեղարդի վանքի պատմության և ստեղծման, Վաղարշապատ քաղաքի և այնտեղ գտնվող Սուրբ Գայանե եկեղեցու, Եղեգիսում գտնվող Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցու, Նորատուսի խաչքարերի գերեզմանատան, ինչպես նաև Քարահունջի մասին:

17821041_10210560218334064_593099303_n

Հոգևոր պատմությունը

Հայաստանը Եվրոպայի ամենափոքր երկրներից մեկն է, իր ընդամենը 3 միլիոն բնակչությամբ: Սակայն երկիրն իր զգալի տեղն ունի հոգևոր պատմության մեջ. մի շարք պատմաբաններ հավատում են, որ 301 թվականին Հայաստանը դարձել է աշխարհում քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրը: Այսօր հայերի մոտ 95%-ը քրիստոնյա է, և երկրի հոգևոր պատմությունը կարելի է տեսնել իր հնագույն վայրերի և հուշարձանների շնորհիվ:

17820774_10210560218374065_697355000_n

Հոգևոր առաջնորդը

Ըստ կայքի՝ առասպելի համաձայն՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջին առաջնորդը Գրիգոր Լուսավորիչն է՝ պարթև ազնվական Անակի որդին, ով սպանել է հայոց թագավոր Խոսրով Ա-ին: Գրիգորի հայրը գլխատվում է իր կատարած հանցանքի համար, բայց Գրիգորին հաջողվում է փախչել Կապադովկիա:

Արդեն հասուն տարիքում Գրիգորը Կապադովկիայից վերադառնում է հայրենիք՝ հույսով, որ հայոց թագավորն ու հայ ժողովուրդը քրիստոնյա կդառնան: Իմանալով Գրիգորի վերադարձի մասին՝ Տրդատ Գ թագավորը նրան 13 տարով բանտարկում է:  Բանտարկությունից հետո Գրիգորին հաջողվում է համոզել թագավորին հավատի ուժի հարցում և նրան քրիստոնյա դարձնել: Եվ այսպիսով, 301-ին Տրդատ Գ թագավորը Հայաստանում քրիստոնեությունն ընդունում է որպես պետական կրոն:

17813963_10210560156892528_1170425843_n

Անցյալի հետքեր

Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնում՝ Գառնի գյուղի մոտակայքում է գտնվում Գառնու տաճարը: Այն կառուցել է Տրդատ Ա-ն 1-ին դարում. տաճարի կառուցումը նախորդում է երկրում քրիստոնեության տարածմանը, և համարվում է, որ նվիրված է եղել հայոց դիցաբանության արևի աստծուն:

Շատ հեթանոսական տաճարներ են ավերվել, երբ Տրդատ Գ-ն քրիստոնեությունը հռչակեց երկրի պետական կրոն, բայց Գառնին այն քչերից է, որ կանգուն մնաց: Այժմ այն հայկական հեթանոսության խորհրդանիշն է և զբոսաշրջային հայտնի ուղղություններից մեկը՝ տարեկան գրավելով ավելի քան 136 հազար այցելուի:

17806978_10210560156932529_716285323_n

Սրբի եկեղեցին

Հայաստանի մայրաքաղաք Երևանի արևմտյան հատվածում է գտնվում Վաղարշապատը, քաղաք, որը հայտնի է որպես երկրի «հոգևոր մայրաքաղաք»: Այստեղ է գտնվում 630 թվականին կառուցված Սուրբ Գայանե եկեղեցին, որն այժմ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Եկեղեցին կառուցվել է Հայ Եկեղեցու կողմից սրբացված Գայանե մայրապետի սպանության վայրում, ով սպանվել է Տրդատ Գ թագավորի կողմից: Սրբի գերեզմանը գտնվում է հենց եկեղեցում:

17813728_10210560156732524_468040038_n

Նախկին զնդան

Խոր Վիրապը Հայաստանի հարավարևելյան հատվածում՝ Արարատյան հարթավայրում գտնվող վանք է, որտեղ Տրդատ Գ-ն բանտարկել էր տվել Գրիգոր Լուսավորչին նրա վերադարձից հետո:

Խոր Վիրապը կառուցվել է 642 թվականին Գրիգոր Լուսավորչի հիշատակին: Այսօր Խոր Վիրապը Հայաստանի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է: Նրա մատուռում կատարվում են պսակի և մկրտության արարողություններ:

17814034_10210560156812526_1820718315_n

Քարանձավի աղոթողները

Գառնու հյուսիսարևելյան հատվածում է գտնվում Գեղարդի վանքը. այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Վանքը կառուցել է 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչը: Նախկինում կոչվել է Այրիվանք:

Լեգենդի համաձայն՝ վանքն անվանվել է Գեղարդ այն պատճառով, քանի որ այնտեղ է բերվել այն տեգը, որով խաչի վրա խոցել են Հիսուս Քրիստոսի կողը: Ասվում է, որ այդ գեղարդը վանքում պահվել է շուրջ 500 տարի:

17792531_10210560156772525_498432316_n

Օրհնված պատերազմում

Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում գտնվող Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 14-րդ դարում, երբ երկիրը գտնվում էր մոնղոլների տիրապետության տակ և պատերազմում էր սիրիացի մամլուկների դեմ: Եկեղեցին բաղկացած է միայն վերգետնյան զոհասեղանից և երկու ավանդատներից: Ըստ պատմաբանների՝ բարձր զոհասեղանը եկեղեցին օգտագործվել է նժույգների վրա հեծնած հայ զինվորներին պատերազմ գնալուց առաջ օրհնելու համար:

17821452_10210560156852527_1860680248_n

Փրկության գերեզմանոց

Խաչքարերը համարվում էին կենդանի կամ մահացած հոգու փրկության խորհրդանշան: Առաջին խաչքարերը հայտնվել են 9-րդ դարում.  որպես նոր հավատի խորհրդանշան՝ դրանք կանգնեցվել են կրոնափոխ եղած հեթանոսական տաճարներում: Այսօր այս քարերն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում:

Նորատուսի գերեզմանատանն է գտնվում երկրում խաչքարերի ամենամեծ խմբաքանակը՝ ավելի քան 800 խաչքար, յուրաքանչյուրն իր չկրկնվող նախշերով:

17813868_10210560156972530_1702788973_n

Հնագույն գերեզմանոց

Անգլիայի Սթոունհենջի (մեգալիթյան խոշոր կառույց Մեծ Բրիտանիայում.-խմբ) հետ հնությամբ և տեսքով համեմատվող Քարահունջը գտնվում է Սյունիքի մարզում՝ Երևանից դեպի հարավ: Այն զբաղեցնում է շուրջ 70 հազար կմ մղոն և բաղկացած է դամբարաններից:

Պատմաբանների կարծիքով՝ Քարահունջը գործել է որպես նախապատմական շրջանի գերեզմանոց, երբ բրոնզի դարում մարդկանց թաղել են քարանձավներում: 223 քարերի մոտ մեկ երրորդն ունի փոքր անցքեր, որոնք որոշ գիտնականների կարծիքով՝ կարող էին արվել աստղագիտական դիտարկումների համար, որի արդյունքում Քարահունջը կարող էր լինել աշխարհի ամենահին աստղադիտարանը: