տուն Լուրեր Աշոտ Ղուլյանն ընդունել է «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» միջազգային կազմակերպության պատվիրակությանը

Աշոտ Ղուլյանն ընդունել է «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» միջազգային կազմակերպության պատվիրակությանը

97
0

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 4-ին ընդունել է Արցախ ժամանած՝ «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» (YMCA) միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ ծրագրի հայաստանյան ղեկավար Վարդան Համբարձումյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կազմակերպության՝ Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի,  Ուկրաինայի և Իսպանիայի ներկայացուցիչները:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է կազմակերպության դերը՝ ժամանակակից աշխարհում համամարդկային արժեքները պահելու և փոխանցելու առումով: Խոսելով տարբեր երկրների երիտասարդների շփման և կարծիքների փոխանակման անհրաժեշտության մասին՝ Աշոտ Ղուլյանը նաև նշել է, որ կազմակերպության ներկայությունն Արցախում՝ պատուհան է դեպի մեծ աշխարհ, որի միջոցով տեղի երիտասարդությունն իրեն զգում է այդ աշխարհի անբաժանելի մասը:

Հանդիպման ընթացքում խորհրդարանի նախագահը պատասխանել է կազմակերպության անդամների՝ Արցախում նրանց կողմից ծրագրերի ընդլայնման հնարավորությունների, միջազգային կառույցների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում ունեցած դերակատարությանը, Արցախի երիտասարդների ապագային վերաբերող հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և կազմակերպության արցախյան գրասենյակի ներկայացուցիչներ:

Հանդիպման ավարտից հետո պատվիրակությունը եղել է Ազգային ժողովի նիստերի դահլիճում և ծանոթացել Արցախի խորհրդարանի կառուցվածքին: