Մեքսիկական սերիալների հայազգի դերասան Մաուրիսիո Օչմանը մտադիր է գնել «Հայֆիլմը»: Այս մասին հայազգի դերասանը հայտարարել է Uno Tv հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում: Ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանն ասում է՝ իրեն այդ լուրերը բացարձակ չեն հետաքրքրում. իրեն այլ բան է հետաքրքրում՝ կինոյի լինել-չլինելը:
«Դրանք կիսաբամաբասանքային լուրեր են, չեմ հավատում այդ խոսակցություններին. ում մտքով ինչ անցնում է, հայտարարում է: Ես ինչ իմանամ՝ այդ մեքսիկացի տղան ով է-ինչ է, կվաճառեն-չեն վաճառի: Մենք ունենք մի խնդիր՝ «Հայֆիլմը» գնեցին պայմանագրային պարտավորություններով, գնորդը, սակայն, թերացել է: Ինձ հետաքրքրում է, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն իրենք. չէ՞ որ հզոր հարված է հասցվել մեր կինոինդուստրիային, եթե իհարկե դա ունենք,- մեզ հետ զրույցում մանրամասնում է Աշոտ Ադամյանն ու կատակելով ավելացնում.-Կարող եք այդ շարքում ավելացնել՝ ես էլ եմ մտադիր գնել «Հայֆիլմը»»:
Նշենք, որ «Հայֆիլմ»-ի ներկայիս սեփականատերը Գաֆեսճյան հիմնադրամն է: