Ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը չի պատրաստվում միանալ մի խումբ մտավորականների նախաձեռնությանը, որով պահանջում են դադարեցնել «Հին Երևանի» դեմքն աղավաղելն ու դեռևս պահպանված շինությունները քանդելը:
«Չեմ պատրաստվում միանալ որևէ նախաձեռնության: Այդ խնդիրն ինձ շատ վաղուց է մտահոգում: Անձամբ դեռևս 2000թ-ից խոսել եմ ու դեռ խոսում եմ այդ մասին, բայց որևէ արդյունք չկա: Քաղաքը մեր առջևից տանում են, այն օր- օրի կորցնում է իր պատմական հմայքը, այսինքն՝ այն, ինչ կոչվում է «Երևան», և ձեռք է բերում նոր, գլամուրային տեսք, որը խորքից չի գալիս, պոկված է արմատներից: Արտահայտում է կառուցապատողի բնավորությունն ու ինչպիսին լինելը»,- մեզ հետ զրույցում ասաց Աշոտ Ադամյանը:
Մեր դիտարկմանը՝ գուցե համախմբվելը որևէ արդյունք տա, պարոն Ադամյանն ասաց. «Ներողություն, բայց ո՞ւմ հետ համախմբվեմ: Անկեղծ ասած, այդ «մտավորական» ասվածին մի քիչ ուրիշ կերպ եմ վերաբերվում: Այսօր կարծում եմ՝ առանձին-առանձին գուցե մտավոր դաշտում տեղավորված մարդիկ կան, բայց մտավորական Հայաստանը չունի, հետևաբար, այդ միավորվելը կարող է բերել շատ աղետալի հետևանքների: Բողոքի ձայն պետք է բարձրացնել ոչ թե առիթի դեպքում, այլև միշտ՝ ցանկացած անօրինականության, ցանկացած խեղման դեպքում»:
Աշոտ Ադամյանի կարծիքով՝ մտավորականներն այս պայքարում արդյունք չեն ունենա, չնայած ինքը դա շատ է ցանկանում: Նշենք, որ Երևանի ավագանու Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը մեզ հետ զրույցում արվեստագետների նախաձեռնությունը որակել էր PR քայլ: