«Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման զինյալները հարձակվել են Սոմալիի զինված ուժերի ռազմական բազայի վրա Քենիայի հետ սահմանին: Զոհվել է առնվազն 7 զինծառայող՝ այս մասին այսօր հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը:
«Մենք 7 զինծառայող ենք կորցրել, ինչպես նաև երկու տրանսպորտային միջոց»,- գործակալությանը հաղորդել է Սոմալիի զինված ուժերի ներկայացուցիչը: Նա նշել է, որ հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը, նախքան հարձակումը «Աշ-Շաբաբի» գրոհայինները կտրել են ռազմական բազայի հաղորդակցությունը:
Նշենք, որ Սոմալիում հակամարտությունը շարունակվում է 90-ականների սկզբից: Իշխանական զորքերը Սոմալիում Աֆրիկյան միության աջակցությամբ (22 հազար զինվոր) դիմակայում են «Աշ-Շաբաբի» գրոհայիններին: