Սյունիքի մարզի Կապան քաղաքում եւս հոկտեմբերի 2-ին ընտրություններ են, կապանցիներն ընտրելու են թե´ համայնքի ղեկավար, թե´ ավագանի: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են երեք թեկնածու՝ Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Արտուր Աթայանը, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, համայնքի գործող ղեկավար Աշոտ Հայրապետյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Արթուր Մարտիրոսյանը: Ավագանու անդամի 15 տեղի համար առաջադրվել է 30 թեկնածու, որոնցից մեկը Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանն է:
Araratnews.am-ը Աիդա Բադալյանի առաջադրման հետ կապված ահազանգ է ստացել, որում մասնավորապես ասվում է. «Սեպտեմբերի 27-ին Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սմբատ Օրբելյանը հրավիրել է ամբողջ բուժանձնակազմի խորհրդակցություն և խստագույնս զգուշացրել է բուժանձնակազմին, որ եթե 400 հոգուց պակաս ձայն ստացավ իրենց գործընկեր Աիդա Բադալյանը, ապա «իրենից չեն պրծնելու»:
Թեմայի շուրջ մեր հարցերին պատասխանել «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանը:
Պարո´ն Օրբելյան, Կապանի ավագանու անդամի համար առաջադրվել է Ձեր աշխատակիցը, նրան աջակցություն ցուցաբերո՞ւմ եք:
Մեր աշխատակցին, միանշանակ, աջակցելու ենք եւ մեր ձայնը նրան ենք տալու:
Ըստ երևույթին, տեղյակ կլինեք, թե ինչու է Ձեր աշխատակիցը որոշել առաջադրվել:
Երկու պատճառ կա. առաջինն այն է, որ կին ավագանու անդամ եւս պետք է ընտրվի, որովհետև չենք ունեցել, երկրորդ՝ ճիշտ կլինի, որ ավագանին բազմաշերտ լինի, բոլոր սոցիալական խմբերից, մասնագիտություններից մարդիկ լինեն ընդգրկված, այդ թվում՝ առողջապահությունից: Իհարկե, առողջապահությունն այսօր մարզային ենթակայության կառույց է, մեր հիմնադիրը համարվում է Սյունիքի մարզպետարանը, բայց մենք էս քաղաքին ենք ծառայում, էս ժողովրդին, եւ մենք լավ կլինի՝ մեր ներկայացուցիչն ունենանք: Գոհունակությամբ ենք ընդունել, որ Աիդան առաջադրվի, կփորձենք կոլեկտիվով աջակցել նրա ընտրվելուն:
Աիդա Բադալյանը կուսակցակա՞ն է:
-Այո´, Հանրապետական կուսակցության անդամ:
Դո՞ւք էլ:
Այո՛:
Պարոն Օրբելյան, մենք ահազանգ ենք ստացել ձեր աշխատակիցներից մեկից, որն ասել է, մեջբերում եմ. «Սմբատ Օրբելյանը հրավիրել է ամբողջ բուժանձնակազմի խորհրդակցություն և խստագույնս զգուշացրել է բուժանձնակազմին, որ եթե 400 հոգուց պակաս ձայն ստացավ իրենց գործընկեր Աիդա Բադալյանը, ապա «իրենից չեն պրծնելու»:
Եթե ես էդպիսի հրահանգ տայի, 400 թիվն ինձ համար սահմանագիծ չի, ես ավելի մեծ թվերի շուրջ կխոսայի: Աիդա Բադալյանին մենք չաջակցենք էլ, ինքը 400 ձայն կհավաքի: Ես չգիտեմ՝ ով ինչ ա ձեզ ասել, ես որևէ աշխատակցի հրահանգ չեմ տվել, չեք կարող գտնել նման մեկի: Մեր գործընկերն իր թեկնածությունը դրել ա, ճիշտ կլինի մեր գործընկերոջը պաշտպանել, բայց թվերի շուրջ խոսելն աբսուրդ ա:
Այսինքն՝ խորհրդակցության ընթացքում միայն ասել եք, որ պետք է աջակցեք Ձեր աշխատակցի՞ն:
Խորհրդակցություն չէ, աշխատանքից դուրս վիճակում խոսում ենք տարբեր բաներ, այդ թվում՝ էդ թեմայով, ընդամենը ասել եմ՝ մեր գործընկերը դրել ա, եւ մենք պիտի բոլորս… Եվ հետո` ընտրությունները գաղտնի են, էսօր ոչ մեկ չգիտի՝ ում են ընտրում, որ ձեռից պրծնի կամ չպրծնի: Եթե էս երկրում բոլորն էն ազնվությունը ունենան, որ իրենց ասածը կատարեն, էս երկրում շատ բաներ էսպես չեն լինի: Եթե մարդը ասում ա` ձայնս տալիս եմ էսինչ մարդուն, հետո գնում ա ուրիշի ա տալիս, գալիս ասում ա` ընտրել եմ, դու ի՞նչ պետք ա իմանաս` տվե՞լ եմ, թե՞ չէ, այսինքն՝ «ձեռից չպրծնելու» գաղափարն աբսուրդ ա: Կրկնում եմ՝ եթե խոսեի, մեծ թվերից կխոսեի:
Ի՞նչ թվերի:
400 չէր լինի, էլի:
Շողիկ Գալստյան