Այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգության, Պերմյակովի կատարած հանցագործության իրական պատճառները մեր հասարակությունը այդպես էլ չի իմանա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման պատասխանները: «Հարցումները կատարվել են հեռախոսով, և հարցմանը մասնակցել են 1500 քաղաքացի: Գյումրու միջադեպին ծանոթ են հարցվածների 99,9 տոկոսը. հիմնական մասը հեռուստատեսությունից են իմացել այս մասին»:
Հարցվածների 87 տոկոսը համարում է, որ հայկական կողմը պետք է դատի Պերմյակովին, հայտնեց Արամ Նավասարդյանը: «Հայ-թուրքական սահմանի մոտ ձերբակալված և Գյումրու թիվ 102 ռազմաբազա հանձնված Պերմյակովը պետք է հանձնվեր հայկական կողմին: Այսպես է համարում հարցվածների 87 տոկոսը: Հանցագործության իրական պատճառը կամ հավանական տարբերակը հարցվածների 40 տոկոսը պատասխանել է, որ Պերմյակովը չի գործել ﬕայնակ, նրա հետ եղել է հանցախումբ: Եվ միայն 11 տոկոսն է հարցվածների, որ համարում է, թե Պերմյակովը միայնակ է կատարել այս հանցագործությունը»:
Այն հարցին, թե ովքեր պետք է իրականացնեն Գյումրիում տեղի ունեցած հանցագործության հետաքննությունը, հարցվածների 59 տոկոսը պատասխանել է, որ պետք է տեղի ունենա համատեղ քննություն, ներկայացրեց Արամ Նավասարդյանը: «Հարցվածների 87 տոկոսը համարում է, որ դատավարական գործընթացը պետք է տեղի ունենա Հայաստանում և ՀՀ օրենքով: Պերմյակովը պետք է կրի մահապատիժ: Այսպես են համարում մեր հարցումին մասնակցած քաղաքացիների 49 տոկոսը: Իսկ Պերմյակովի պատիժը կրելու վայրը 88 տոկոս քաղաքացիների համար միանշանակ Հայաստանն է»:
Քաղաքական կառույցների արձագանքը, գործելաոճը Գյումրիում տեղի ունեցած իրադարձությանը մեր հասարակությունը գնահատել է անբավարար, նշեց Արամ Նավասարդյանը: «Պերմյակովին Հայաստանին հանձնելու համար Գյումրիում կատարված հանցագործությանը հաջորդեցին ցույցեր: Ցույցերի ընթացքում ﬕ խումբ ցուցարարներ քարկոծեցին ոստիկանական պատնեշը, ինչ արդյունքում ﬕ խումբ քաղաքացիներ և ոստիկաններ ստացան ծանր և ﬕջին ծանրության ﬖասվածքներ: Այն հարցին, թե ընդհարումների պատճառը ո՞րը կարող էր լինել՝ մեր հարցվողների 46 տոկոսը պատասխանեց, որ հուզմունքը և ցավն արտահայտելու ﬕջոց էր դա: Իսկ ռուսների ու Ռուսաստանի հանդեպ մեր հասարակության վերաբերմունքը այս հանցագործությունից հետո հիմնականում չի փոխվել»: