տուն Լուրեր Արխիվի տնօրենը՝ ԱԱԾ-ում ոչնչացված նյութերի մասին

Արխիվի տնօրենը՝ ԱԱԾ-ում ոչնչացված նյութերի մասին

171
0

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարեց, որ 2018 թվականի հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ազգային անվտանգության ծառայությունում որոշ նյութեր ոչնչացվել են:

Վարչապետի հայտարարությունը մեծ աղմուկ առաջացրեց: Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, որն առաջարկում է իշխանությանը գաղտնազերծում սկսել,  գրել է, որ տեղի ունեցածը մեծ հանցագործություն է, կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: «Բայց դարդ չանեք, իմ հեղինակած լյուստրացիայի մասին օրենքը նաև այլ մեխանիզմ է ենթադրում, որը ահագին մարդու ջրի երես է բերելու: Սեփական կամքով առաջին պլան չեկողները լրջագույն պրոբլեմներ են ունենալու… Վախեք ոչ, բացահայտվելու ու գաղտնազերծվելու եք…»,- գրել է Սաֆարյանը:

Araratnews.am-ը զանգահարեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին՝ պարզելու, թե արխիվներն ընդհանրապես որքան ժամանակ հետո կարելի է գաղտնազերծել: «50 տարի հետո կարող են բացել, իսկ  գաղտնազերծվածները 50 տարի հետո պետք է հանձնեն արխիվ»,- ասաց Վիրաբյանը:

Ազգային արխիվի տնօրենն ասաց, որ միայն 1937 թվականին բռնադատվածների գործերը կան արխիվում:

Ինչ վերաբերում է ԱԱԾ նյութերի ոչնչացման մասին հայտարարությանը, Ամատունի Վիրաբյանը դժվարացավ մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունը, միայն ասաց՝ եթե վարչապետը հայտարարել է՝ մի բան գիտի: «Ազգային արխիվի ղեկավարությունը ոչինչ չի ոչնչացնում: Ոչնչացնում ենք այն, որը պատմական, մշակութային արժեք չի ներկայացնում, օրինակ՝ աշխատավարձերի ցուցակները»,- մանրամասնեց ազգային արխիվի տնօրենը:

Ի դեպ, Ամատունի Վիրաբյանն ասաց, որ արխիվում են մինչեւ 1956 թվականի ամբողջական նյութերը: Իսկ դրանից հետո եղած փաստաթղթերը՝ Պարույր Հայրիկյանի, այլախոհների գործերը, մինչ օրս չեն հանձնել ազգային արխիվ: Իսկ թե ինչու՝ Վիրաբյանն ասաց. «Օրինակ՝ ԱԱԾ տնօրենները շատ արագ փոխվեցին, այդպես խնդիր առաջացավ: Նախատեսված է, որ 1956 թվականի թղթերն էլ կհանձնեն»:

Սոնա Դավթյան