Այսօր բազմաթիվ մայրեր փորձում են խորամանկել բնությանը: Նրանք հրաժարվում են բնական ծննդաբերության ցավերի ռիսկից և որոշում են դիմել կեսարյան հատման: Գերմանիայում, օրինակ` յուրաքանչյուր չորրորդ կին դիմում է կեսարյան հատման, իսկ յուրաքանչյուր երրորդը` պրիդուրալ ցավազրկման: Բժշկության տեսանկյունից շատ բան դեմ է, որ բնական ծննդաբերությունը փոխարինեն կեսարյան հատումով: Բարձրանում է թրոմբոզների և թոքային զարկերակի էմբոլիայի առաջացման, ինֆեկցիաների և բորբոքային պրոցեսների վտանգը: Կանանց համար մեռնելու ռիսկը եռակի աճում է: Այն կինը, ով երեխա է ունենում կեսարյան հատումով, պետք է նկատի ունենա, որ հաջորդ հղիությունների ժամանակ կարող են բարդություններ առաջանալ, օրինակ` արգանդի պատռվածք, որի դեպքում բնական ծննդաբերությունն անհնար է:
Ծնվելիս երեխաների մոտ զարգանում է հիպօքսիա, նրանք հաճախ ունենում են շնչառության խնդիրներ, քանի որ թոքերը լցվում են հարպտղաջրերով: Բնական ծննդաբերության ժամանակ նույնիսկ ցավն ունի իր իմաստը: Այն կնոջ օրգանիզմում կատարում է կարևոր ազդանշանի դեր, որը կնոջն ստիպում է շարժվել: Մեխանիզմ, որը պաշտպանում է կնոջն ու երեխային վնասվածքներից, որոնք կարող են առաջանալ նստած կամ պառկած անհարմար դիրքից: Տեղի է ունենում էնդորֆինների լրացուցիչ արտանետում: Այս հորմոններն արտադրվում են արդեն հղիության 10-րդ շաբաթում: Ծննդաբերության ժամանակ նրանց քանակը բազմակի ավելանում է: Դրանք նվազեցնում են վախն ու ցավերը և առաջացնում էյֆորիայի զգացում, որը համակում է կնոջը մանկան ծնվելուց հետո: Կինն ասես լողում է ամպերում: Ցավազրկողները կրճատում են էնդորֆինների արտադրությունը և ծննդկանին վերադարձնում գետնի վրա: Իսկ իրականություն վերադառնալը հաճախ ավելի դաժան է, քան հնարավոր է սպասել: Նյուքասլի համալսարանի հետազոտողները պարզել են, որ հաճախ ցավազրկողներ ստացած կանայք հետագայում ուժեղ դեպրեսիայի մեջ են ընկնում:
Ծննդաբերության ժամանակ արտադրվում է նաև մեկ այլ կարևոր հորմոն` օքսիտոցինը: Այդ հորմոնը կնոջ մոտ արտադրվում է օրգազմի ժամանակ, որի հիմնական ազդեցությունն այն է, որ հարազատության զգացում է ստեղծում մեկ այլ մարդու նկատմամբ: Բնական ծննդաբերության ժամանակ այս հորմոնի շնորհիվ մայրն իր մանկան նկատմամբ արտասովոր կապվածություն է զգում: Կեսարյան հատման ժամանակ այդ էֆեկտը կորչում է: Կնոջ համար ավելի դժվար է հարազատություն զգալ իր զավակի նկատմամբ: Բացի այդ, օքսիտոցինն օժտված է հիշողությունը մասամբ արգելափակելու հատկությամբ: Կանայք մոռանում են ծննդաբերության հետ կապված դժվարությունները: Ահա թե ինչու արդեն մի քանի շաբաթ անց նրանց մեծ մասը սկսում է երազել նոր երեխայի մասին: Սակայն բազմաթիվ կերակրող մայրերի նման ազդեցությունը վատ ծառայություն է մատուցում: Նրանք սկսում են գանգատվել ահավոր մոռացկոտությունից, ինչը մասամբ քնի պակասի հետևանք է, սակայն կարող է առաջանալ նաև օքսիտոցինի հետևանքով, որն առաջանում է կրծքով կերակրելիս: Մանկաբարձներն այս երևույթը կոչում են «կերակրող մոր մոտ Ալցհեյմերի հիվանդություն»:
Ասվածից կարելի է ենթադրել, որ մարդու ծնունդը մանկական խաղ չէ: Նա, ով ցանկանում է կեսարյան հատումով կամ ցավազրկմամբ երեխա լույս աշխարհ բերել, ստեղծում է նոր խնդիրներ, որոնք, ի վերջո, բնական ծննդաբերության ռիսկերից ու ցավերից անհամեմատ ավելի վատ են: