«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, 2015 թ.-ի հունիսի 18-ից հուլիսի 4-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնը:
2005-ից Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող խոշորածավալ երաժշտական փառատոնը սպասված տոն է ցանկացած արվեստասերի համար, իսկ փառատոնի յուրաքանչյուր համերգ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն է դասական երաժշտության իրական երկրպագուների համար:
2008թ.-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում:
Փառատոնի գլխավոր գործընկերը Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ.-ից:
Փառատոնի հիմնադիրներն են «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը և տնօրեն Գարիկ Նազարյանը:
Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա հունիսի 18-ին, ժ.19.00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Ելույթ կունենան դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, Ազգային օպերային թատրոնի մեներգչուհիներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյան:
Ծրագրում կհնչենˋ
Ջ. Բ. Պերգոլեզի-Ստաբատ մատեր
Յ. Ս. Բախ-Դաշնամուրային Կոնցերտ ռե մինոր,BWV 1052 :