Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կասեցում» շարժման ներկայացուցիչ ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանի եղբայր Արտյոմ Խաչատրյանը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.
«Որպես Արտակի եղբայր և քաղաքացի, խաղաղ ստեղծարար աշխատանքով զբաղվող հայ մարդ, չորս անչափահ երեխաների հայր, ես պահանջում եմ համապատասխան մարմիններից և կառույցներից, որոնք ի զորու են զբաղվել այս աշխատանքով, բացահայտել կատարվածը:
Նրանք կամ շուտափույթ կբացահայտեն հանցագործությունը, որպեսզի փրկեն հասարակությունում ունեցած իրենց փոքրիկ համբավը, որը, ցավոք, չեմ կարող ասել բարի համբավ է: Եթե հանցագործությունը չբացահայտվի, ապա կասկածի տակ կդրվի այն հանգամանքը, թե արդյոք մեր խոստացած արժեքները մարդու իրավունքների պաշտպանության մասին, համապատասխանում են իրականությանը: Եթե գործը չբացահայտվի, ապա սկիզբը գնում է դեպի իշխանություններ»,-նկատեց նա:
Այն հարցին, թե որո՞նք կլինեն բանախոսի հաջորդ քայլերըˋ իր պահանջները չբավարարելու դեպքում, Արտյոմ Խաչատրյանը նշեց, որ պահանջը չբավարարվելու դեպքում ինքը, որպես քաղաքացի և ադեկվատ անձնավորություն, կանի ամեն ինչ թույլատրելիի սահամաններում:
Անդրադառնալով եղբոր առողջական վիճակինˋ բանախոսը նկատեց, որ վիճակը կայուն ծանր է, դրական դինամիկայով: Արտակը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բանախոսը նկատեց, որ Արտակ Խաչատրյանի պալատը գտնվում է ոստիկանների հսկողության տակ: Ինչ վերաբերում է ծեծի դրդապատճառներին, ապա Արտյոմ Խաչատրյանը միանշանակ բացառեց այն հանգամանքը, որ սա անձնական կոնֆլիկտների շրջանակներում է տեղի ունեցել: Վերջինս փաստեց, որ հանցագործությունը անմիջական կապ ուներ Արտակի հասարակական ակտիվ գործունեության հետ:
Վարդուհի Ստեփանյան