Տնտեսության տարբեր ոլորտում կառավարության կողմից իրականացվող խթանող միջոցառումների արդյունքներն աստիճանաբար նկատելի են դառնում։ Այն բանից հետո, երբ որոշվեց տարբեր գործիքների միջոցով պետական որոշակի աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների շուկա մուտք գործելու ցանկություն ունեցող նորաստեղծ ընկերություններին, դրանց թիվը կտրուկ ավելացավ։ Արտոնությունների կիրառումից ընդամենը մեկ տարի հետո արդյունքներն ակնհայտ են.
Անցած տարվա ընթացքում Հայաստանում գրեթե հինգ անգամ ավելի շատ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություն է բացվել, քան մեկ տարի առաջ։ Եթե 2014թ. ստեղծվել էր ընդամենը մեկուկես տասնյակ նման ընկերություն, ապա արդեն անցած տարի դրանց թիվը գերազանցեց ութ տասնյակը։ Այդ ընկերությունների ավելի քան 90 տոկոսը օգտվել է տրամադրված պետական օժանդակությունից։
Դժվար չէ պատկերացնել, թե ձեռնարկած միջոցառումներն ինչպիսի էական խթանող ազդեցություն են ունեցել։ Գաղտնիք չէ, որ տնտեսության այս ճյուղը վերջին տարիներին առանց այն էլ բավական լուրջ զարգացումներ է ապրում։ Այլ կերպ ասած, այստեղ լուրջ պոտենցյալ կա կուտակված, ինչը սկսում է ավելի արագ տեմպով իրացվել տրամադրվող հավելյալ խթաների միջոցով։
Հիշեցնենք, որ կառավարության նախաձեռնությամբ 2014թ. ընդունվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքը, որը տնտեսության այս հատվածում գործունեություն իրականացնելու մտադրություն ունեցող նորաստեղծ ընկերություններին տվեց մի շարք հարկային արտոնություններ. Վերջիներս ընդհանրապես ազատվեցին շահութահարկից։ Սահմանված չափանիշներին բավարարող ՏՏ նորաստեղծ ընկերությունները ստացան նաեւ եկամտային հարկի արտոնություն՝ սահմանվեց 10 տոկոս դրույքաչափ, ինչը գրեթե 1,5 անգամ ցածր է նվազագույնից։
Թեեւ ՏՏ ոլորտին տրամադրված արտոնությունները նախատեսված են սահմանափակ ժամկետի համար՝ մինչեւ 2020թ., այնուհանդերձ իրականացված քայլերի արդյունավետությունը հիմք է տալիս ասելու, որ դրանք շարունակելու անհրաժեշտություն կա։ Կառավարությունը կարծես թե մտադիր է վերանայել արտոնությունների ինչպես ժամկետները, այնպես էլ ընդլայնել դրանցից օգտվողների շրջանակը։ Չի բացառվում, որ նախատեսվող օրենսդրական փոփոխությունների ժամանակ արտոնությունները վերապահվեն նաեւ ինովացիոն մշակումներով զբաղվող կազմակերպություններին։
Տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտը ունենելով հիմնականում արտահանման ուղղածություն, ձեռք է բերել ոչ միայն կարեւոր տնտեսական նշանակություն, այլեւ մեծապես նպաստում է Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշռի բարելավմանը։ Որպեսզի պարզ լինի թե խոսքն ինչի մասին է, նշենք, որ անցած տարի այս ոլորտի արտահանումը հասել գրեթե 215 մլն դոլարի։ Հիմնական շուկան Միացյալ Նահանգներն ու Կանադան է։ Թեեւ կա որոշակի ծավալ նաեւ Եվրոպական երկրներում եւ ԱՊՀ-ում, այնուհանդերձ այն առայժմ 20 տոկոսի շրջակայքում է։
Ն.ՍԱՐԳՍՅԱՆ