ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամներին հաց հասցրած Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին դատարանի մոտ լրագրողներին ասաց Արթուր Սարգսյանի շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը:
Փաստաբանի համոզմամբ՝ դատարանի որոշումը գտնվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական տիրույթում:
«Այս գործընթացի զավեշտն այն է, որ մեղադրանքը կալանավորումից հետո փոփոխվել է, եւ դա պետք է հիմք հանդիսանար որոշման վերանայման: Առերևույթ կասկածը կալանավորման ժամանակ մեկ այլ հանցագործության կատարման կապակցությամբ էր հայտնվել քննչական մարմին կողմից, հետագայում այս արարք վերաորակվել էր, հետևաբար պետք է վերանայվեր նաեւ կիրառված խափանման միջոցը»,- նշեց Սարգսյանի պաշտպանը, հավելելով, որ այդ հիմնավորումները ներկայացվել են դատարանին, սակայն հաշվի չեն առնվել:
Նշենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրվում է զենք պահելուն եւ կրելուն օժանդակելու, ինչպես նաեւ պատանդներ պահելուն օժանդակելու մեջ: