տուն Լուրեր Արթուր Գևորգյանը մանրամասնում է, թե ինչու է լքել ՀՀԿ-ի շարքերը. հարցազրույց

Արթուր Գևորգյանը մանրամասնում է, թե ինչու է լքել ՀՀԿ-ի շարքերը. հարցազրույց

118
0

ՀՀԿ-ի անդամ, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը այսօր հայտարարել է կուսակցությունից դուրս գալու և անկախ պատգամավոր մնալու մասին: Այս և այլ հարցերի շուրջ Araratnews.am-ը զրուցել է Ա. Գևորգյանի հետ:

— Պարո՛ն Գևորգյան, Ձեր հայտարարության մեջ նշում եք այն բոլոր պատճառները, որոնք հանգեցրել են այս որոշմանը: Կուսակցությունից դուրս գալուց առաջ Ձեր կուսակիցների հետ քննարկում ունեցե՞լ եք:

— Իմ նախորդ հարցազրույցի ժամանակ ես նշել էի, որ այն թիմը, որում գտնվում եմ ես, եթե առողջացման քայլեր չանի, ստիպված կլինեմ ես միջոցներ ձեռնարկել:

— Ստացվում է, որ ՀՀԿ-ի կատարած աշխատանքները Ձեզ չե՞ն բավարարել:

— Ոչ:

— Հնարավո՞ր է, որ նոր քաղաքական ուժի անդամակցեք:

— Դեռ վաղ է խոսել նման հարցերի շուրջ: Ես հստակ ձևակերպել եմ, որ կունենամ անկախ կարգավիճակ պառլամենտում  և կքվեարկեմ ցանկացած քաղաքական ուժի ներկայացրած այն ծրագրին, որը կբխի հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շահերից:

 — Ինչպե՞ս եք վերաբերվում Փաշինյանի կառավարության աշխատանքին:

— Հարգալից: Ընդհանրապես, դեռ վաղ է գնահատական տալ, նոր են: Կան որոշակի ոլորտներ, որոնցում ակտիվություն են ցուցաբերում, ինչը գովելի է:

— ՀՀԿ-ում կա՞ն մարդիկ, որոնք առաջիկայում պատրաստվում են լքել կուսակցության շարքերը, և որոնց մասին դուք գիտեք:

— Չգիտեմ՝ կա՞ն այդպիսի մարդիկ, թե՞ ոչ, ասեմ ավելին, ոչ ոքի չեմ հորդորում: Իմ կամքը ոչ ոքի չեմ թելադրում: Դա խիստ անձնական որոշում է, որը պետք է կայացնի մարդը:

— Ձեր հայտարարությունից հետո հայտարարությամբ հանդես եկավ նաև Շիրակ Թորոսյանը, ով նույնպես դուրս եկավ խմբակցությունից: Կապ տեսնո՞ւմ եք:

— Շիրակ Թորոսյանն իմ գործընկերն է, ինքը կայացած մարդ է և ինձ ոչինչ չի ասել իր դուրս գալու մասին: Հարցը կարող եք ուղղել իրեն, թե ինչո՛ւ է դուրս եկել խմբակցությունից:

Հարություն Մկրտչյան