Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր որոշ լրատվամիջոցների կողմից տարածվել է քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ շների ստերջացմամբ զբաղվող «Յունիգրաֆ-Իքս» ընկերության գործունեության դեմ եղած բողոքները հաշվի առնելով:
Քանի որ Երևանի քաղաքապետարանը տվյալ ընկերության հետ ունի որոշակի պայմանագրային հարաբերություններ, ակտիվիստը մեկնաբանել է դա իբրև Երևանի քաղաքապետի դեմ քրեական գործի հարուցում, ինչը բացարձակ ապատեղեկատվություն է:
Ինչպես մայիսի 24-ին արդեն առիթ ունեցել եմ մեկնաբանելու, մեկ անգամ ևս շեշտեմ, որ թափառող կենդանիների վնասազերծման (ստերիլիզացիայի) ծառայությունների ձեռքբերումը իրականացվել է գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով-մրցույթով՝ բաց ընթացակարգով: Ծառայությունների համար կնքված պայմանագիրն էլ հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։
Վերոնշյալը հաշվի առնելով՝ հորդորում եմ զերծ մնալ անհարկի շահարկումներից և ավելորդ հուզականությամբ չմիջամտել իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացին»: